Դիմակավորված, մաչետեներով զինված անհայտ անձանց խումբը դանակահարել և սպանել է 12 և 15 տարեկան երկու տղայի՝ Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տեղի ունեցած սարսափելի հարձակման ժամանակ, կիրակի օրը հայտնել է ոստիկանությունը, հաղորդում է AFP-ն։

Ինչպես հայտնել են ոստիկանությունից, շաբաթ երեկոյան ենթադրյալ երիտասարդական խմբավորման մինչև ութ անդամներ առանձին-առանձին հարձակվել են երեխաների վրա Մելբուռնի արևմտյան հարակից թաղամասերում։

Սկզբում ոստիկանությունը ժամանել է մի փողոց, որտեղ նրանք հայտնաբերել են 12-ամյա տղայի՝ դանակի վերքերով, պատմել է Վիկտորիա նահանգի ոստիկանության դետեկտիվ-տեսուչ Գրեհեմ Բենքսը։

«Չնայած շտապօգնության աշխատակիցների՝ նրան վերակենդանացնելու փորձերին, տղային հնարավոր չի եղել գիտակցության բերել»,- ասել է Բենքսը մամուլի ասուլիսում։ Դրանից անմիջապես հետո ոստիկանությունը հարևան փողոցում հայտնաբերել է տղայի 15-ամյա ընկերոջը՝ «զգալի» դանակի վերքերով։

Նրան ևս փրկել չի հաջողվել։

Ականատեսները և տեսահսկման խցիկների տեսագրությունները ցույց են տալիս, որ սպանությունները կատարել է մոտ ութ դիմակավորված անձանցից բաղկացած նույն խումբը, որոնք զինված են եղել մաչետեներով և երկար սայրերով դանակներով, ասել է Բենքսը։

«Թեև հետաքննությունը գտնվում է վաղ փուլում, այն ունի երիտասարդական խմբավորման հանցագործության հատկանիշներ։ Սա նմանատիպ հանցագործությունների ընդարձակ և անընդհատ աճող ցանկի ամենասարսափելի հանցագործություններից է։ Սպանված երեխաները խմբավորման անդամներ չեն եղել, և լռելը սխալ է»,- ասել է նա։

Ոստիկանությունը հայտարարել է, որ պարզ չէ՝ հարձակումը կանխամտածվա՞ծ է եղել, թե՞ նույնականացման սխալ է տեղի ունեցել։

Պաշտոնական տվյալներով, 2024 թվականին Ավստրալիայում սպանությունների և դրանց հետ կապված հանցագործությունների թիվն աճել է ինը տոկոսով՝ կազմելով 448 զոհ։

Մայիսին Մելբուռնի առևտրի կենտրոնի ռեստորանային հատվածում մաչետեներով զինված մրցակից խմբավորումների միջև տեղի ունեցած կռվի հետևանքով նահանգում արգելվել է մաչետեների վաճառքը կամ դրանք կրելը։