Սեուլը կիրակի օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ ԱՄՆ ներգաղթի ծառայությունների արշավի ժամանակ ձերբակալված հարավկորեացի աշխատողներին ազատ արձակելու վերաբերյալ, «ավարտվել են», և շուտով նրանք կազատվեն և տուն կտեղափոխվեն, փոխանցում է AFP-ն։

Այս հայտարարությունը հնչել է հինգշաբթի օրը  Ջորջիա նահանգի հարավային մասում կառուցվող Hyundai-LG մարտկոցների արտադրության գործարանում ավելի քան 300 հարավկորեացի աշխատողների ձերբակալությունից հետո։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրանտների դեմ պայքարի համազգային արշավի շրջանակներում Էլլաբել քաղաքում անցկացված գործողությունը մինչև այժմ անցկացված ամենամեծ արշավն էր և անակնկալի էր բերել Սեուլի պաշտոնյաներին։

«Արագ և համաձայնեցված արձագանքի արդյունքում... ձերբակալված աշխատողների ազատ արձակման շուրջ բանակցություններն ավարտվել են»,- կիրակի օրը հայտարարել է նախագահ Լի Ջե Մենի աշխատակազմի ղեկավար Կանգ Հուն Սիկը։ - Մնում են միայն վարչական ընթացակարգերը։ Հենց դրանք ավարտվեն, չարտերային չվերթ կիրականացվի, որը մեր քաղաքացիներին տուն կհասցնի»։

Հետևանքները զսպելու փորձերով կիրակի առավոտյան Ջորջիա է մեկնել LG Energy Solution էլեկտրական մեքենաների մարտկոցներ արտադրողի ավագ գործադիր տնօրենը։ «Հիմնական առաջնահերթությունը հիմա մեր LG Energy Solution-ի աշխատակիցների, ինչպես նաև գործընկեր ընկերությունների աշխատակիցների արագ ազատ արձակումն է»,- ասել է գործադիր տնօրեն Քիմ Քի Սուն լրագրողներին՝ ինքնաթիռ բարձրանալուց առաջ։ LG Energy Solution ընկերությունը հայտարարել է, որ իր 47 աշխատակից է ձերբակալվել՝ 46 հարավկորեացի և մեկ ինդոնեզացի։

Ընկերությունը նաև հայտնել է, որ ձերբակալված մոտ 250 մարդ, ինչպես ենթադրվում է, վարձել է իրենց կապալառուն, և նրանց մեծ մասը հարավկորեացիներ են։