Այս իշխանությունը չի աշխատում հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն ՀՀ քաղաքացու: Հետևաբար մենք մերկացնում ենք այս իշխանությունների կեղծիքները, ստերը կամ այն ստեղծած պատրանքները, որ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը կարգավորել հնարավոր չի, որքանով հնարավոր է, այդքանով կարգավորում ենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Եվս մեկ անգամ նայում եմ կառավարության ներկայացուցիչների աչքերի մեջ և ասում եմ, որ դուք ստում եք և այս բոլոր փաստաթղթերով մենք դա բացահայտել ենք, որ դուք ստում եք։ Իհարկե մեր հայրենակիցները, իրազեկվածությունից, ելնելով ձեր պատասխանը 2026 թվականին կտան, միգուցե ավելի շուտ։

Նաիրի Սարգսյանը նշեց, որ կառավարությանը մի շարք առաջարկներ ու հարցապնդումներ են արել, որոնցից մեկը վերաբերել է Հայաստանի  և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կանոնակարգին, ինչպես նաև հարցադրումը եղել է ուղղված Կիրանց գյուղի հատվածում ՀՀ կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված սեփականության իրավունքի վկայականներով անշարժ գույքի և հողատարածքների Ադրբեջանին հանձնման, նաև դրանց իրավական հիմնավորվածության վերաբերյալ և դրանց հանցագործության հատկանիշներին։

«Իհարկե, այս փաստաթուղթը մենք կպահենք իշխանափոխությունից հետո պատասխանատու անձանց քրեական պատասխանատվության ենթակելու ժամանակ օգտագործելու համար։

Հաջորդը վերաբերվել է բնակտարածքների գույքահարկերի դրույքաչափերին։ Դուք բոլորդ ամենօրյա ռեժիմով բախվում եք բարձր գույքահարկի դրույքաչափերին, և մենք պահանջել ենք, որպեսզի հետ վերադառնան գույքահարկերի դրույքաչափեր մինչև 2021 թվականի գործող իրավակարգավորումները։ Այսինքն գույքահարկի բեռը նվազեցնեն բնակչության ուսերից, փոխարենը, քանի որ արդեն գույքահարկից հավաքագրվում է կամ ակնկալվում է հավաքագրել մեծ ծավալով գումարներ, այդ գումարները բաշխել Սովետական Հայաստանից բառիս բուն իմաստով, կոպեկներով սեփականաշնորհած առևտրային և արտադրական նշանակության տարածքների վրա։ Ընդ որում, չշահագործվող տարածքների համար գույքահարկի ավելի բարձր գույքաչափ սահմանել, քան շահագործվողի համար։

Տեսեք, սեփականաշնորհել են, դուք ինքներդ շատ տեսած կլինեք, նամանավանդ Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում, այդ թվում, սեփականաշնորհել են տարածքները, որևէ գործունեություն չեն ծավալում, որևէ արդյունք ու բարիք չեն ստեղծում, բայց այդպես դրել են, կարծես, բարձի տակ ու քնել են: Սա այն գործիքն է, որը, որով հնարավոր է այդ գործարանները վերագործարկել և շահույթ ապահովել»,–ասաց Նաիրի Սարգսյանը։