ՌԴ ԱԴԾ-ի 5-րդ վարչության պետի տեղակալ Դմիտրի Միլյուտինը հեռացվել է պաշտոնից։ Այս մասին The Insider-ին հայտնել են հատուկ ծառայություններում տեղեկացված երկու աղբյուր։ Նրանց տվյալներով՝ Միլյուտինը վերահսկում էր ռուսական ազդեցության ընդլայնումը հետխորհրդային տարածքում։ Սկզբում գեներալը զբաղվում էր Ուկրաինայով, ապա՝ Մոլդովայով և Մերձդնեստրով։ Միևնույն ժամանակ, Միլյուտինը հրապարակայնորեն հայտարարում էր, որ երազում է ԽՍՀՄ-ի վերածննդի մասին և պատրաստ է դրան նվիրել իր ողջ ուժը։
Մասնավորապես, Միլյուտինն ակտիվացել է 2020 թվականին՝ Մոլդովայում նախագահական ընտրությունների նախօրեին։ Այդ ժամանակ Մոսկվայից հանրապետություն էին ժամանել բազմաթիվ քաղտեխնոլոգներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Նրանք Կրեմլին զեկուցում էին ռուսամետ թեկնածու Իգոր Դոդոնի մոտալուտ հաղթանակի մասին։ Սակայն հաղթանակ տարավ Եվրոպայի հետ մերձեցման կողմնակից Մայա Սանդուն։ Իրավիճակը կրկնվեց 2024 թվականին, երբ Սանդուի մրցակիցը դարձավ Մոսկվայի կողմից աջակցվող Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն։ Սակայն սա չէր Միլյուտինի հրաժարականի պատճառը։ Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ գեներալը նոր պետի՝ Ալեքսեյ Կոմկովի հետ, ով 2024 թվականին փոխարինել է Սերգեյ Բեսեդային, չի կարողացել աշխատել։ «Միլյուտինն ասում էր, որ պատրաստ է գնդացիրով գնալ Մոլդովա և կարգուկանոն հաստատել այնտեղ։ Իսկ Կոմկովը միշտ կողմ է եղել ավելի նուրբ մոտեցմանը և սկսել է «մաքրել» Բեսեդայի նախկին թիմի արմատականներին»,- պարզաբանել է աղբյուրը։
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է The Insider-ը, ԽՍՀՄ վերածննդի համար պայքարը կարող էր Միլյուտինին լավ դիվիդենտներ բերել. 2022 թվականին նա կնոջ՝ Նատալյայի հետ 24 միլիոն ռուբլով երկրորդ բնակարանն է գնել Գլինիշչևսկի նրբանցքում գտնվող ՄԽԱՏ-ի դերասանների տանը, որտեղ ժամանակին ապրել են հայտնի ռեժիսոր Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, դերասանուհի Վերա Մարեցկայան և տիկնիկային թատրոնի հիմնադիր Սերգեյ Օբրազցովը։ Ըստ ստացականի, որի պատճենն ուսումնասիրել է պարբերականը, Միլյուտինը բնակարանի համար վճարել է կանխիկ։ Միևնույն ժամանակ, գեներալ-մայորը բաց չի թողել թատերական ոչ մի պրեմիերա, ինչի համար ստացել է «Թատերասեր» մականունը։
Միլյուտինի փոխարեն 5-րդ ծառայությունում նշանակվել է գեներալ Ալբերտ Ստեպիգինը, ով նախկինում գլխավորում էր Անվտանգության դաշնային ծառայության Սեփական անվտանգության վարչության (ՍԱՎ) 2-րդ ծառայությունը, հայտնել է The Insider-ի աղբյուրը։ Նրա խոսքով՝ Կոմկովը, ով նույնպես ՍԱՎ-ից է, ընտանիքներով մտերիմ է Ստեպիգինի հետ։
Միևնույն ժամանակ, օգոստոսի վերջին Վլադիմիր Պուտինը լուծարել է նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը և սահմանամերձ համագործակցության վարչությունը, որոնց կազմում էին Արտաքին հետազխուզման ծառայության, ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության և Անվտանգության դաշնային ծառայության սպաներ։ Նրանք զբաղվում էին լրտեսությամբ, հավաքագրումով և «փափուկ ուժի» առաջխաղացմամբ։ Լուծարված կառույցների փոխարեն նախագահի աշխատակազմում կստեղծվի ռազմավարական գործընկերության և համագործակցության վարչություն, որտեղ, ինչպես ասում է The Insider-ի աղբյուրը, կարող են պաշտոններ ստանալ Կոմկովի կողմից «մաքրված» ԱԴԾ-ի 5-րդ ծառայության «արմատականները»։





























