«Չեռնոգորիան կարող է մինչև 2026 թվականի վերջը ավարտել Եվրահանձնաժողովի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները»։ Այս կարծիքն է հայտնել ԵՄ-ի ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը՝ Ավստրիայի ընտանիքի, երիտասարդության, ԵՄ-ի և ինտեգրման հարցերով նախարար Կլաուդիա Պլակոլմի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Երկու թեկնածու երկրներ [ԵՄ անդամակցության ճանապարհին] առանձնահատուկ առաջընթաց են գրանցել։ Չեռնոգորիան արդեն բավարարում է [անդամակցության] բոլոր չափանիշները։ Եթե այս ոգով շարունակենք, ապա բանակցությունները կավարտենք մինչև 2026 թվականի վերջը, իսկ դրանից անմիջապես հետո՝ նաև Ալբանիայի հետ»,- ասել է նա։
ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակ ունեն Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Մոլդովան, Հյուսիսային Մակեդոնիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան և Չեռնոգորիան։ Միությանը միանալու բանակցությունները երկար ժամանակ են տևում։ Թուրքիան թեկնածուի կարգավիճակ ունի 1999 թվականից, Սերբիան՝ 2012-ից, իսկ Չեռնոգորիան՝ 2010-ից։





























