Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Փարիզում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ`  թուրք դեսպանը նշել է, թե այս որոշումը սխալ էր եւ հետեւանքների պատասխանատուն Թուրքիան չի լինի: «Ինչ հնարավոր էր, մենք արել ենք: Հուսով ենք` Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հետ կուղարկի օրինագիծը»,-ասել է դեսպանը:

Նշենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: 

Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը: