Ռուսաստանում, պատերազմի և տնտեսական խնդիրների ֆոնին, շարունակում են աճել հակադեպրեսանտների վաճառքի ծավալները։ 2025 թվականի հունվար-հուլիս ամիսներին դեղատնային ցանցերը վաճառել են 12,9 միլիոն տուփ համապատասխան դեղամիջոցներ՝ ընդհանուր 10,6 միլիարդ ռուբլու արժողությամբ։ Իզվեստիայի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում RNC Pharma վերլուծական ընկերության տվյալները։ Դրամական արտահայտությամբ ցուցանիշը 36%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Տարեսկզբից դեպրեսիայի դեմ դեղամիջոցների ամենամեծ պահանջարկը գրանցվել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայի մարզում։ Այս մարզերին բաժին է ընկնում շուկայի գրեթե 40%-ը՝ դրամական արտահայտությամբ։ Բացի այդ, այս տարի Սամարայի և Կալինինգրադի մարզերում վաճառքները գրեթե կրկնապատկվել են։
«Մարդիկ աստիճանաբար ինքնաբուժումից կամ ախտանշանային դեղամիջոցներ ընդունելուց անցնում են պրոֆիլային թերապիայի, ինչը մեծացնում է այս դեղամիջոցների նկատմամբ պահանջարկը», - պարզաբանել է RNC Pharma-ի զարգացման գծով տնօրեն Նիկոլայ Բեսպալովը։ Նա նաև հավելել է, որ հակադեպրեսանտների նկատմամբ բարձր պահանջարկի պատճառներից մեկը երկրում տեղի ունեցող «տնտեսական և քաղաքական գործընթացներն» են։ Բացի այդ, RNC Pharma-ի տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում 10%-ով աճել են անքսիոլիտիկների՝ տագնապը և վախը նվազեցնող դեղամիջոցների վաճառքի ծավալները։ Ընդհանուր առմամբ վաճառվել է ավելի քան 9,3 միլիոն տուփ այդպիսի դեղամիջոցներ՝ ընդհանուր 4,6 միլիարդ ռուբլու արժողությամբ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 2024 թվականի վերջի դրությամբ մոտ 4 միլիոն չափահաս քաղաքացի հաշվառված է եղել հոգեբույժների մոտ, որոնցից երկու երրորդը՝ տագնապային և դեպրեսիվ խանգարումներով։ Rehab Family կլինիկայի բժիշկ-հոգեբույժ, նարկոլոգ և հոգեբան Սերգեյ Կուզնեցովի խոսքով՝ Ռուսաստանի բնակչության առնվազն 25-30%-ն ունի տագնապային խանգարման այս կամ այն ձևը և նկատվում է հիվանդացության աճի միտում։ «Աճում է բժիշկների դիմող պացիենտների թիվը՝ տագնապի, գիշերային քնի խանգարման, սարսափելի երազների, խուճապային հարձակումների, սեռական ցանկության նվազման և դեպրեսիայի վերաբերյալ բողոքներով», - նշել է Կուզնեցովը։ Նա հավելել է, որ միաժամանակ ավելանում է կախվածություն առաջացնող դեղորայքի օգտագործման հետ կապված դիմումների թիվը։





























