Նեպալում հակակառավարական անկարգությունների մասնակիցները, որոնք սկսվել էին մի շարք խոշոր սոցիալական ցանցերի արգելքից հետո, հրդեհել են Սինգհա Դուրբար կառավարական համալիրի մի հատվածը, հայտնում է Khabarhub պորտալը։
Ավելի վաղ Himalayan Times թերթը հայտնել էր, որ բողոքի ցույցերի մասնակիցները ներխուժել են Սինգհա Դուրբար։
Պորտալը գրում է. «Երեքշաբթի օրը ցուցարարները ներխուժել են Սինգհա Դուրբար համալիրի տարածք և հրդեհել Նեպալի գլխավոր վարչական համալիրի մի հատվածը»։
Անցյալ շաբաթվա վերջին Նեպալի իշխանություններն արգելք են դրել մի շարք խոշոր սոցիալական ցանցերի գործունեության վրա, որոնք սահմանված ժամկետում չէին գրանցվել կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Դրա պատճառով երկրում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք լրատվամիջոցներում անվանել են «Z սերնդի հեղափոխություն»։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով 22 ցուցարար է զոհվել, հարյուրավոր մարդիկ են վիրավորվել։ Ավելի ուշ կառավարությունը որոշել է չեղարկել Նեպալում սոցցանցերի աշխատանքի արգելքը, սակայն բողոքի ցույցերը չեն դադարել։ Ցուցարարները կոչ են արել երկրի վարչապետ Շարմա Օլիին հրաժարական տալ։ Երեքշաբթի օրը նրանք հրկիզել են նրա մասնավոր նստավայրը, ներխուժել կառավարական համալիր, հրդեհել իշխող «Նեպալի կոնգրես» կուսակցության կենտրոնական գրասենյակը և խորհրդարանի շենքը։ Նեպալի վարչապետը հրաժարական է տվել, իսկ կառավարության անդամներին ուղղաթիռներով տարհանել են իրենց նստավայրերից։




























