Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է դադարեցնել առևտրային հարաբերությունները և գիտահետազոտական գործընկերությունը Իսրայելի հետ, սակայն ազգային կառավարությունները խոչընդոտում են հետագա քայլերը։ Այս մասին նա ասել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 9-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ, մեջբերում է Politico-ն։
Կալասը նշել է, որ ԵՄ հետագա գործողությունների տարբերակները հստակ են և սեղանին են, սակայն ընդունել է, որ ԵՄ անդամ պետությունները «չեն կարողանում համաձայնության գալ այն մասին, թե ինչպես ստիպել Իսրայելի կառավարությանը փոխել ուղղությունը»։
«Մենք չենք կարող գործել որպես միություն, քանի դեռ անդամ պետությունները չեն համաձայնել, թե ինչ անել», - ասել է նա։
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն պատրաստել է Իսրայելի կառավարության վրա ճնշում գործադրելու հնարավոր տարբերակների «ցուցակ», այդ թվում՝ առևտրային կապերը խզելու և «Հորիզոն» հետազոտությունների և նորարարությունների հիմնադրամին երկրի մասնակցությունը կասեցնելու առաջարկ, սակայն հավելել է, որ «հետագա քայլերի վերաբերյալ կոնսենսուս չկա»։
«Դրական տեղաշարժեր են եղել՝ հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 1-ը Գազայի հատված է մուտք գործել 2904 բեռնատար, մինչդեռ մարտից հուլիս ոչ մի բեռնատար մուտք չի գործել։ Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք դիվանագիտական ջանքերը Իսրայելի հետ, քանի որ առանց բանակցությունների մենք ոչնչի չենք հասնի», - հավելել է Կալասը։
Նշենք, որ Եվրահանձնաժողովը առաջարկել է մասնակիորեն կասեցնել Իսրայելի մասնակցությունը «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, որը ֆինանսավորում է գիտական հետազոտություններ և ստարտափներ՝ կապված Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի հետ։
Իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ իր երկիրը դեռևս չի համաձայնի Իսրայելի նկատմամբ Գազայի հատվածում ստեղծված մարդասիրական իրավիճակի համար Եվրոպական հանձնաժողովի կողմից պատժամիջոցներ կիրառելու առաջարկին։





























