Սեպտեմբերի 11-ին Լեհաստանը կփակի Բելառուսի հետ սահմանները, ներառյալ երկաթուղային անցումները՝ «Արևմուտք-2025» զորավարժությունների ֆոնին։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, հաղորդում է RMF24 ռադիոկայանը։
«Մենք կփակենք Բելառուսի հետ սահմանը, ներառյալ երկաթուղային անցումները, հինգշաբթիից ուրբաթ կեսգիշերին», - ասել է Տուսկը՝ այս որոշումը կապելով ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» ռազմավարական զորավարժությունների հետ։
«Արևմուտք-2025» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 12-16-ը՝ երկու փուլով։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, այս զորավարժությունների նպատակները բացառապես պաշտպանական են։ Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինն իր հերթին նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարությունը փորձում է «Արևմուտք-2025»-ը որպես պատրվակ օգտագործել իրենց զորավարժությունները անցկացնելու համար։ Այսպես, Լեհաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր «Արևմուտք-2025»-ին ի պատասխան ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններ անցկացնելու մասին։




























