Նախորդ տարվա տվյալներով ՀՀ-ում կա ավելի քան 2400 կալանավոր։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ հանրապետությունում համաներմամբ հանդես է գալիս Վարչապետը, իսկ ԱԺ-ն ընդամենը օրենքի նախագիծն է բերում։
Նա հիշեցրեց, որ ազատազրկման հիմնական նպատակն անձի վերասոցիալիզացիան է, անձին հասարակություն հետ վերադարձնելը, նրան ուղղելը, այլ ոչ թե պատժելը։
«Հենց այդ տրամաբանությամբ մեկ վայրկյան պատկերացրեք, թե որքան ընտանիքներ են տանջվում այդ հարցով, որքան մարդ կա այս պահին կալանավորված, որքան երեխաներ են, որ զրկված են մեկ, իսկ որոշ դեպքերում երկու ծնողի խնամքից և սիրուց, և որքան աշխատուժ է, որ այս պահին ներգրավված չի մեր տնտեսության մեջ։
Որևէ մեկին չթվա, որ այս ելույթը ուղղված է քաղբանտարկյալների հարցին։ Հայաստանում այս պահին 30-ից ավել քաղբանտարկյալներ կան, մարդիկ, ում միակ հանցանքը հայրենասիրությունն է և իրենք պիտի ազատ արձակվեն հենց այս պահին, ելույթս իրենց մասին չի։ Ելույթս այն մեր համաքաղաքացիների մասին է, որոնք այս պահին անհամբեր սպասում են համաներման։ Հաշվի առնելով օրենսդրական առանձ առանձնահատկությունը, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունից շտապ նախաձեռնել համաներման գործընթաց և ներկայացնել այն Ազգային ժողով։
Դուք ոչինչ արդյունավետ չեք անում մեր տղաներին Բաքվի գերությունից հետ բերելու համար, էս մեկը ամբողջությամբ ձեր ձեռքն է, տեսնենք»,–ասաց նա։





























