Թուրքիան կարող է իջեցնել իր դիվանագիտական ներկայությունը Ֆրանսիայում մինչեւ Գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի, հայտարարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաhսին Բուրջուօղլուն` կապված Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրինագծի ընդունման հետ:
«Ամենայն հավանականությամբ, ես կվերադառնամ Թուրքիա: Մեր երկրների միջեւ հարաբերությունները կլինեն ոչ թե դեսպանությունների, այլ` Գործերի ժամանակավոր հավատարմատարների մակարդակով», - նկատել է Բուրջուօղլուն:
Թուրք դիվանագետն ասել է, որ Թուրքիան «երբեք չի հաշտվի այս օրենքի հետ»:
«Հետեւանքների տեսանկյունից, հնարավոր է ամեն հնարավորը, քանի որ սա շատ զգայուն հարց է Թուրքիայի համար: Սրա համար վճարելու են բոլորը` Թուրքիան, Ֆրանսիան եւ Հայաստանը», - հայտարարել է Բուրջուօղլուն, հաղորդում է CBS-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը մոտ ութ ժամ տեւած քննարկումներից հետո 127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունել էր օրինագիծը:
Ըստ կանոնակարգի՝ Ֆրանսիայի նախագահը 15-օրյա ժամկետում կհաստատի այն: Նա իրավունք ունի նշված ժամկետում նաեւ խնդրել խորհրդարանին վերանայել օրենքը, կամ դրա առանձին կետեր:



























