Պատմականորեն ապացուցված փաստ է, որ յուրաքանչյուր զավթիչ իր նվաճումը լիակատար և անշրջելի դարձնելու համար ոչնչացնում է տվյալ ժողովրդի քաղաքակրթական ժառանգությունը, նրա մշակութային հետքն ու հավաքական հիշողությունը, որովհետև աներկբա է՝ մշակույթը հոգևոր սահման է և ինքնություն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Ալիևը հենց այսպիսի հայկական հետքի վերացման քաղաքականություն է իրականացնում 3000-ամյա հայկական Արցախում, դա կոչվում է մշակութային ցեղասպանություն, այսպիսին է քոչվոր ասպատակողի թշնամու ձեռագիրը։ Իսկ ինչու ենք մենք ու մեր իշխանությունները այդքան անարժանապատիվ, այդքան աղավաղված, ազգը պառակտող գիտակցությամբ վերաբերում մեր անցյալին, պատմությանն ու ժառանգությանը։

Վերջին օրերին հանրային արդարացի ընդվզում է առաջացրել ցեղասպանության զոհերի հուշահամալիրի «վերանորոգման» ընթացքը։ Այն ինչ կատարվել է հանրապետական նշանակության հուշարձանի հետ պարզապես վանդալիզմ է, վնասվել են և վերականգնման ենթակա չեն մույթեր, սալեր, սանդուղք և այլն։ Շուրջ 740 միլիոն գնահատված վերանորոգման պայմաններում չի իրականացվել պատվիրատուի, հեղինակի և տեսչական պատշաճ վերահսկողություն, իսկ անորակ աշխատուժը ավիրել է, ինչպես կարողացել է։ Որոշ հատվածներ անգամ անհնար է նախնական տեսքով վերականգնել։

Համազգային սրբավայր հանդիսացող հուշարձանին և ողջ հասարակությանը հասցված բարոյական և նյութական վնասի համար հանրությունը արդարացիորեն պատասխանի է սպասում։ Մասնավորապես, ինչպես են կազմակերպվում մրցույթները, ի՞նչ չափանիշներով են ընտրվում կազմակերպությունները, ինչու ԿԳՄՍ-ն որպես պատվիրատու և քաղաքաշինության կոմիտեն որպես տեսչական լիազորություն ունեցող մարմին, չեն իրականացրել օրենքով իրենց վերապահված գործառույթներ կանխելու հուշարձանի վնասումը։

Նույնքան աղետալի է Թումանյանի թանգարանի վերանորոգման պատմությունը։ 2023-ին մեկնարկած թանգարանի հիմնանորոգման համար հատկացվել է 750 միլիոն դրամ։ Աշխատանքների ավարտը նախատեսված էր 2026-ին, մինչդեռ վերանորոգումը սառեցված է, իսկ թանգարանը վերածվել է անկտուր փլատակի, և այստեղ էլ նույն հարցերն են, նույն եզրակացությունը։

Ի՞նչ պատասխանատվություն են կրելու իրենց լիազորությունները ձախողած պաշտոնատար անձինք և ովքեր են հատուցելու պետական բյուջեից մսխված գումարները։

Ավետիք Իսահակյանի 150–ամյակն է։ Գնացեք և տեսեք արձանի շրջակայքը, լքված անխնամ պատկեր։ Դուք հավանաբար գիտեք, հասարակությունը չի հավատում, անգամ հուշարձանները դիտավորությամբ ոչնչացնելու մասին են խոսում։ Իսկ չհավատալու և չվստահելու լեգիտիմ հիմքեր դուք տվել եք յոթ տարի շարունակ, հասարակությանը ստով, պոպուլիզմով և ոչ պրոֆեսիոնալիզմով կերակրելով։

Խոսքս ավարտում եմ Դավոյանի խոսքով. Եթե հանկարծ քո ճանապարհին նախապապերիդ դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում և ոչ մի հրաշք չի փրկելու քեզ, ոչ մի հրաշք չի փրկելու ձեզ պատասխանատվությունից»,– ասաց նա։