Հարգելի ընդդիմություն, դուք ի՞նչ եք անում այստեղ, Ժողովուրդ ջան, dwuq օգոստոսի 8-ից հետո առհասարակ ի՞նչ եք անում այստեղ, այստեղ կամերաներ կան, ձեզ նկարում են, կարող են ձեզ հարցեր տալ, ի՞նչ երեսով եք այստեղ առհասարակ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9–ին, ԱԺ–ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։

Խոսելիս էլ մեկ–մեկ տպավորություն է, որ ես էի վերջին 8 տարիներին ինչ հեքիաթ ասես պատմում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի մասին, ոչ թե դուք։ Աշխարհի երեսին ինչքան սուտ, ինչքան հեքիաթ ասես, ապոկալիպտիկ սցենարով... նայում էիր, քեզ թվում էր, Ջեյմս Քեմերոնը կարող է այդ սցենարով մի հատ թույն ֆանտաստիկ կինո նկարեր։

Այսօր եկել եք, նստել, ոնց որ ոչինչ չի եղել։ Վերջին 5 տարիներին ձեր նկարագրած սցենարով, երբ այդ թուղթը ստորագրվեր, Հայաստանը պետք է կործանված լիներ։

Դուրս եկեք, մարդկանց պատասխան տվեք՝ այդ ի՞նչ հեքիաթներ էինք պատմում ստորագրվելիք պայմանագրի մասին։ Այդ հեքիաթների պատասխանը պետք է տաք, բոլորիդ ելույթներն այստեղից հատ-հատ կարդացվելու է,– ասաց նա։

Այնուհետև ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին. «Ասում է մշակութային ցեղասպանություն, ու որպես մշակութային ցեղասպանության կոնտեքստի շարունակություն ասում է՝ հիմնանորոգում եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։ Նախ կատարող ընկերությունը, որը շահել է մրցույթը, ձեր խմբակցության նախկին պատգամավորի ընկերությունն է։ Էդ արդեն ձեր բարոյականության հարցն է, թե ով է ձեր հետ նույն խմբակցությունում, ու եթե ձեր նշած բանն է, որ ավիրում են, ձեր թիմակիցն է, գնացեք քաղաքականապես էլ, բարոյապես էլ, սենց էլ, նենց էլ, հարցրեք։ Եթե ինձ հարցնեք՝ ձեր հետ փոխկապակցված մարդկանց ոչինչ վստահել չի կարելի այս երկրում, բայց օրենքները  պնդում են, որ կարելի է»,– ընդգծեց Ալեքսանյանը։