Նեպալի բանակի գլխավոր գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելը բողոքի ցույցերի առաջնորդներին կոչ է արել երկխոսության միջոցով խաղաղ լուծում գտնել, հաղորդել է Khabarhub կայքը։
«Ներկա դժվարին իրավիճակի կարգավորումը և ազգի գերագույն շահերի պաշտպանությունը բոլորի ընդհանուր պարտականությունն են։ Հետևաբար, ես խնդրում եմ դադարեցնել բողոքի ցույցերը և բոլոր կողմերին կոչ եմ անում ընտրել երկխոսության ուղին»,- տեսաուղերձում նշել է Սիգդելը։
Նա խոր ցավ է հայտնել համազգային բողոքի ցույցերի ժամանակ հանրային սեփականությանը հասցված վնասի համար և ցավակցել զոհվածների ընտանիքներին՝ վիրավորներին արագ ապաքինում մաղթելով։
Սիգդելը շեշտել է, որ խաղաղության, անվտանգության և ազգային միասնության պահպանումը Նեպալի բոլոր քաղաքացիների պարտականությունն է։
«Ինչպես պատմությունը ցույց է տվել, Նեպալի բանակը շարունակում է հավատարիմ մնալ իր ժողովրդի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ազգային միասնությանը և անվտանգությանը»,- ասել է նա։
Նա միաժամանակ ընդգծել է, որ բողոքի ցույցերը չպետք է բացասաբար ազդեն ազգային և պատմական ժառանգության, հանրային և մասնավոր սեփականության, սովորական քաղաքացիների կամ օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների անվտանգության վրա։
Եզրափակելով իր ելույթը՝ Սիգդելը բոլոր քաղաքացիներին կոչ է արել հավատարիմ մնալ հայրենասիրությանը, սոցիալական ներդաշնակությանը և միասնությանը՝ միասին առաջ շարժվելու համար։





























