Հայաստանի Հանրապետության պետական փաստաթղթաշրջանառության մեջ օգտագործվող տերմինները պետք է կանոնակարգվեն։ Այս մասին սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի նիստում՝ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ այս օրինագիծը շատ կարևոր է լեզվական քաղաքականությունը հստակեցնելու տեսանկյունից։ «Սա առաջին քայլը կլինի ոլորտը կարգավորելու ուղղությամբ, քանի որ ավելի լայնածավալ և հայեցակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա», - ասել է Անդրեասյանը։
Նա նաև հայտնել է, որ գերատեսչությունը Լեզվի կոմիտեի հետ աշխատանք է իրականացրել լեզվական քաղաքականության հայեցակարգի մշակման ուղղությամբ։ Այն մոտ ժամանակներում կներկայացվի հանրությանը՝ հետագա քննարկումների և բանավեճերի համար։ «Առաջին հերթին, խոսքը վերաբերում է տերմինների կարգավորմանը։ Այսպիսով, պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող տերմինները կարգավորելու գործընթացի համար առաջարկվում է սահմանել առանձին թույլատրելի նորմ։ Այդ նպատակով կձևավորվի մասնագիտական հանձնաժողով»,- պարզաբանել է կառավարության ներկայացուցիչը։
Նախարարի խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, երբ երկրի համար կարևորագույն պահերին խնդիրներ են առաջացել՝ կապված որոշակի հասկացությունների և տերմինների սահմանման և միատեսակ օգտագործման հետ։
«Մենք հաճախ ենք ասում, որ հայերենը սահմանում ենք որպես պետական լեզու։ Սակայն ոչ մի փաստաթղթում ձևակերպում չկա, թե դա ինչ է նշանակում, ինչ գործնական իմաստ ենք մենք դնում դրա մեջ և ինչպես ենք պատկերացնում իրականացման մեխանիզմները»,- նկատել է Ժաննա Անդրեասյանը։





























