ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Միխայիլ Պիոտրովսկիին Պետական Էրմիտաժի տնօրենի պաշտոնում հինգ տարի ժամկետով վերանշանակելու մասին։

Միխայիլ Պիոտրովսկին, ով այժմ 80 տարեկան է, Էրմիտաժում աշխատանքի է անցել 1991 թվականին՝ որպես գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն։ 1992-ին նա գլխավորել է թանգարանը։ Նրա հայրը՝ Բորիս Պիոտրովսկին, Էրմիտաժի տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 1964-1990 թվականներին։

ՌԴ կառավարությունը բազմիցս երկարաձգել է Միխայիլ Պիոտրովսկիի լիազորությունները Էրմիտաժի ղեկավարի պաշտոնում. նախորդ անգամ դա տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին։

2024 թվականի վերջին Պիոտրովսկին հայտարարել էր, որ Էրմիտաժում «պահակախմբի փոխարինում է նախապատրաստվում»։ «Ես, իհարկե, ավանդույթների պահապան եմ։ Ես ավարտին եմ հասցրել այն ամենը, ինչ հիմնադրել էին նախորդ սերունդները և իմ հայրը։ Ավանդույթները շարունակելու համար անհրաժեշտ է նաև բարեփոխումներ իրականացնել», - ասել էր նա՝ նկարագրելով Էրմիտաժի ղեկավարի պաշտոնում կատարած աշխատանքը։