Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում բավարարեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունները և որոշեց վերացնել Հրայր սարկավագ Հակոբյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողությունը. որպես խափանման միջոց կիրառեց միայն բացակայելու արգելքը։

Դատարանի կայացրած որոշման համար հիմք է հանդիսացել Հրայր սարկավագի պատշաճ վարքագիծը։

«Դատարանի վճիռը սպասելի էր, բայց մեղադրական կողմի խոսքը անսպասելի էր։ Խիղճս հանգիստ է, մաքուր է։ Ինչպես Քրիստոսն էր ասում՝ հոգիս հոժար է, բայց մարմինս տկար։ Ինչու եմ այսպես ասում, որովհետև 17 արդարներ հիմա շարունակելու են կալանքի տակ մնալ։ Բայց վստահ եմ՝ կգա այն  պահը, երբ բոլորս խորը շունչ կքաշենք և կասենք՝ Փառք Աստծո, որ բոլորն արդարացվեցին»,–դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր սարկավագ Հակոբյանը։

Նշենք, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 10-ին շարունակվել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։

Նիստի ընթացքում գործով մեղադրյալ Վահագն Չախալյանի փաստաբանը դատավոր Կարեն Ֆարխոյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց՝ որպես հիմավորում նշելով այն հանգամանքը, որ դատավորը Չախալյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշումը կայացրել է առանց պաշտպանների մասնակցության։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց Վահագն Չախալյանի փաստաբանի կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը։ Նա կշարունակի քննել Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման մյուս մասնակիցների գործը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին։

Ըստ մեղադրական եզրակացության, Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի, Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։