Լեհաստանի իշխանությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներից լրացուցիչ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիաներ են խնդրել այն բանից հետո, երբ ռուսական անօդաչու թռչող սարքերը ներխուժել են երկրի օդային տարածք, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ հարցը քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության չորրորդ հոդվածի շրջանակում Վարշավայի նախաձեռնած խորհրդակցությունների ժամանակ։
«Չեխիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան և Մերձբալթյան երկրները՝ բոլոր դաշնակիցները պատրաստ են աջակցել և արդեն կոնկրետ հայտարարություններ են արել»,- բանակցությունների արդյունքներով հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ Նա նշել է, որ շվեդ գործընկեր Փոլ Յոնսոնից ստացել է «Լեհաստանին շտապ լրացուցիչօգնություն ուղարկելու մասին տեղեկություն, այդ թվում՝ ՀՕՊ միջոցներ և ավիացիա»։ Բացի այդ, նրա խոսքով, Նիդերլանդները Լեհաստանին կտրամադրեն Patriot համալիրներ, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի միջոցներ և 300 զինվորական։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, ով անօդաչուների ներխուժումն անվանել է «վտանգավոր, անխոհեմ և աննախադեպ», հայտարարել է, որ իր կառավարությունը գնահատում է, թե ինչպես կարող է օգնել Լեհաստանին։ Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ տարբերակներից մեկը կարող է լինել երկիր վեց Typhoon կործանիչների վերադարձը, որոնք ընդամենը մի քանի շաբաթ առաջ տեղակայված էին Լեհաստանում՝ ՆԱՏՕ-ի օդային տարածքի պահպանման առաքելության շրջանակում։
Ռուսաստանի կողմից սեպտեմբերի 10-ի գիշերը Ուկրաինայի զանգվածային գնդակոծության ընթացքում առնվազն 19 ռուսական անօդաչու թռչող սարք է ներխուժել Լեհաստանի օդային տարածք։ Դրանք որսալու համար, բացի լեհական մարտական ավիացիայից, Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ ներգրավվել են նաև ՆԱՏՕ-ի կործանիչներ։ Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքում հրաժարվել են հարձակումը համարել որպես հարձակում, հայտնել է Reuters-ի աղբյուրը։ Լեհաստանի իշխանությունները կիրառել են ՆԱՏՕ-ի կանոնադրության չորրորդ հոդվածը, որը նախատեսում է, որ դաշինքի անդամ պետությունները միմյանց հետ կխորհրդակցեն, եթե նրանց տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը վտանգվի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպը քննարկել է լեհ գործընկեր Կարոլ Նավրոցկու հետ։ Դրանից հետո Լեհաստանի նախագահը հայտնել է, որ զրույցը ՆԱՏՕ-ի չորրորդ հոդվածի շրջանակում խորհրդակցությունների շարքի մի մասն էր։ «Այսօրվա բանակցությունները հաստատել են դաշինքի միասնությունը», - ընդգծել է Նավրոցկին։





























