Ես հասկանում եմ, որ շատերին, որոնք այսօր քաղաքականություն են մուտք գործել կամ քաղաքականության մեջ են այլևս, երևի թե պատմական անցյալը կամ չեն ուսումնասիրել, կամ բավարար չափով տեղեկացված չեն, դրա համար հաճախ խեղաթյուրումներ են տեղի ունենում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 11–ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Հայաստանի անկախության առաջին օրից սկսած դատական անկախ իշխանության ձևավորումը մշտապես եղել է կենտրոնական հարցերից մեկը և երբեք այն չի բավարարել այն համընդհանուր պահանջին, որի ներքո պետք է անկախ դատական իշխանությունը գործեր։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 1995 թվականի Սահմանադրության համաձայն դատարանների, դատական մարմնի անկախության երաշխավորը Հանրապետության նախագահն էր։ Հանրապետության նախագահն էր նշանակում, ազատում, համաձայնություն տալիս կալանավորման դատավորներին, Արդարադատության խորհրդի առաջարկի եզրակացությունների հիման վրա։

Արդարադատության խորհուրդը ղեկավարում էր ՀՀ  նախագահը, խորհրդի կազմում 14 անձ էր նշանակվում, որն ամբողջությամբ նախագահի պատասխանատվության, պարտականության և լիազորությունների տիրույթում էր, հետևաբար, դժգոհությունը այն ժամանակ առաջնային մանդատով օժտված պետության գլխից՝ Հանրապետության նախագահից չափազանց մեծ էր։ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նաև Եվրո ԵԽԽՎ-ի անդամակցության և մի շարք այլ բարեփոխումների անհրաժեշտությամբ էական փոփոխություններ տեղի ունեցան, հատկապես Արդարադատության խորհրդի կազմավորման հարցում, երբ որ Արդարադատության խորհուրդը այլևս չէր գտնվում անմիջականորեն նախագահի հսկողության տակ»-ասաց նա՝ ընդգծելով, որ արդյունքում ՀՀ նախագահը չէր այլևս դատարանների անկախության երաշխավորը, այլ այդ անկախությունը պետք է երաշխավորվեր Սահմանադրության և օրենքների հիման։

Նա նաև ընդգծեց, որ այս 2 փոփոխությունները բավարա՞ր էին, և 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները լիակատար և ամբողջական անկախության կոնցեպտով կառուցվեց, որը պետք է գործադրվեր 2018 թվականից և որը ցավոք սրտի համընկավ այսօրվա քաղաքական մեծամասնության իշխանության գալու հետ, որն էլ պետք է ապահովեր այդ անցումը լիարժեք անկախ դատական համակարգի։  «Մինչդեռ այս իշխանությունը ոչ միայն չապահովեց դատական անկախությունը, այլ ավելի խորացրեց կախվածությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, թե ինչպես էր կառավարության ղեկավարի հայտարարությամբ շրջափակում դատարանները, ինչպես էր դատավորների նկատմամբ ապօրինի ճնշումներ գործադրվում, ինչպես էին Ազգային անվտանգության ծառայությունը և բազմաթիվ իրավապահ մարմիններ «հաթաթա» տալիս դատավորներին մաքրելու, փորձելու քիչ թե շատ արդարադատության համար պայքարող դատավորներին դուրս մղել համակարգից։ Հայտարարվեց վեթինգի մասին, փաստացի իրականացվեց շատ ավելի դաժան բան, ամբողջ դատական համակարգի զավթման գործընթաց»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այն, որ  դատական համակարգը հայտնվել է այս վիճակում, թիվ 1 քաղաքական պատասխանատուն այն քաղաքական մեծամասնությունն է, որ իշխում է 2018 թվականից սկսած։