Նեպալում տեղի ունեցած անկարգություններից հետո երկրի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել Գերագույն դատարանի նախկին նախագահ Սուշիլա Կարկին, որի թեկնածությունը պաշտպանել են երկրի բանակն ու ցուցարարները։ Նա հույս ունի մեկ տարվա ընթացքում ընտրություններ անցկացնել և հանձնել իշխանությունը: Այս մասին նա հայտարարել է News18 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն վերականգնել։ Ես չեմ հայտարարում, որ կկարողանամ լայնածավալ տնտեսական բարեփոխումներ անցկացնել։ Իմ առաքելությունն է կազմակերպել ժամանակին ընտրություններ և իշխանությունը փոխանցել նոր ղեկավարությանը», - ընդգծել է Կարկին։ Նա հավելել է, որ ներկա իրավիճակում կարևոր է թույլ չտալ, որ որևէ ֆինանսական ազդեցություն լինի ընտրությունների արդյունքի վրա և պետք է երաշխավորել դրանց արդարությունը։
Նրա գնահատմամբ՝ ընտրությունների կազմակերպումը կարող է տևել վեց ամսից մինչև մեկ տարի։ «Ընտրությունները ժամանակ են պահանջում՝ գուցե վեց ամսից մինչև մեկ տարի։ Բայց մենք կանցկացնենք դրանք առանց ձգձգումների և իշխանությունը կփոխանցենք։ Ես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չեմ, ես դատավոր եմ և երկարաժամկետ քաղաքական հավակնություններ չունեմ»,- ընդգծել է Կարկին։
Նա նշել է, որ ընտրությունները կարող են հանգեցնել նոր կամ ավելի երիտասարդ առաջնորդների ի հայտ գալուն, ինչն արտացոլում է ներկա երիտասարդական շարժման ոգին։ «Մենք չենք կարող որևէ մեկին արգելել առաջադրվել։ Ոմանք կգնան կուսակցություններից, ոմանք՝ որպես անկախ թեկնածու։ Դա նրանց ընտրությունն է։ Հնարավոր է, որ նոր կուսակցություններ առաջանան, իսկ հները կթարմացվեն ընտրություններին մասնակցելու համար», - ասել է նա։




























