Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն ձերբակալել են իր 1,5 տարեկան երեխայի աչքի առաջ. Ինչ համար ակնհայտ է, որ այս գործողության նպատակը նորից ընտանիքին ճնշելն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բազմաթիվ են քննչական, հարկադրանքի ու դատավարական գործողությունները, որոնց նպատակը ոչ թե հենց այդ գործողության օրենսդրությամբ նախատեսված նպատակն է, այլ՝ ընտանիքներին ամեն գնով ճնշելը, անգամ փոքրահասակ երեխաներին...

Չէիք կարո՞ղ այլ կերպ ու այլ վայրում ձերբակալել: Սրա միակ նպատակը մարդկանց անդադար վախի մթնոլորտում պահելն է: Սա իշխանական տեռոր է հայ ժողովրդի նկատմամբ»,-նշել է նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ սեպտեմբերի 11–ի առավոտյան ձերբակալվել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչույթունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է»։

Նշենք, որ Aravot.am-ի տեղեկություններով, առավոտյան 1,5 տարեկան երեխային մանկապարտեզ տանելիս՝ մանկապարտեզի դռան մոտից բերման են ենթարկել ու ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին։ Նրա մյուս երեխան էլ գտնվել է ավտոմեքենայի մեջ։