Վայոց Ձորի մարզում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար, մեկինը՝ ծայրահեղ ծանր։ Տեղեկությունն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Վայոց ձորի բժշկական կենտրոնից։

«Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է բավարար։ Ընտանիքի 12-ամյա տղան երեկ դուրս է գրվել, 19-ամյա դուստրը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվում է  վիրաբուժական պալատ։ Ուղևորներից մեկը երեկ ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Էրեբունի ԲԿ»,– հայտնեցին կենտրոնից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժածները ընտանիքի անդամներ են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում «ՎԱԶ 21-07» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ երեխան, տեղափոխվել են հիվանդանոց