Բալիում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 18-ի, հաղորդում է ինդոնեզական ANTARA լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին։

«Այս աղետը խորը վիշտ է առաջացրել. 18 մարդ մահացել է, իսկ երկուսը՝ անհետ կորած», - ասել է Ազգային աղետների տվյալների, տեղեկատվության և հաղորդակցության կենտրոնի ղեկավար Աբդուլ Մուհարին։

Նրա խոսքով՝ 659 մարդ վիրավորվել է, որոնցից 185-ը ստիպված են եղել լքել իրենց տները։

«Բալիի նահանգային կառավարությունը հաստատել է արտակարգ իրավիճակներին արձագանքման ժամանակահատվածը, որը կտևի մինչև սեպտեմբերի 17-ը», - հավելել է կենտրոնի ղեկավարը։

Նա նաև նշել է, որ սա վերջին հինգ-տասը տարիների ընթացքում ամենասարսափելի ջրհեղեղն է, չնայած այս ամիսը պետք է լիներ Բալիի չորային սեզոնը։

Բնական աղետը առաջացել է երեքշաբթի երեկոյան կղզում տեղի ունեցած ուժեղ անձրևներից։ Առավել շատ տուժել են նահանգի մայրաքաղաք Դենպասարը, ինչպես նաև Ջեմբրանա, Գյանյար, Կլունգունգ, Բադունգ և Տաբանան շրջանները։

Որոշ շրջաններում ջրի մակարդակը բարձրացել է մինչև 1.5 մետր։ Վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, իսկ մասնավոր տները ջրհեղեղի են ենթարկվել։ Հարյուրավոր մարդիկ տարհանվել են դպրոցներ, տաճարներ և այլ հանրային հաստատություններ։