Տարածքային զարգացման եւ միգրացիոն խնդիրները Հայաստանում կլուծվեն ԵՄ չափանիշներին համապատասխան:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Գայանե Գասպարյանը NEWS.am-ին հայտնեց, որ նոյեմբերի 20-ին կայացել է միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի եւ տարածքային զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքային խմբերի համատեղ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Որոշվել է 2010թ. ավարտել միգրացիայի եւ ապաստանի խնդիրների վերաբերյալ ազգային գործողությունների ծրագրի մշակումը եւ սկսել դրա իրականացումը:
Կարեւորելով ազգային ծրագրի` ԵՄ չափանիշներին համապատասխան մշակումը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ դա հնարավորություն կտա ուժեղացնել Հայաստանի պետական սահմանով մարդկանց տեղաշարժի վերահսկողության մեխանիզմները, գործուն քայլեր ձեռնարկել ԵՄ անդամ երկրներում ապրող Հայաստանի քաղաքացիների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության ուղղությամբ:
Տարածքային զարգացման հայեցակարգը ենթադրում է տարածքային կառավարման համակարգի արդիականացում, Հայաստանի եւ ԵՄ անդամ երկրների տարածքային կառավարման մարմինների միջեւ համագործակցության զարգացում, տարածքային զարգացման ծրագրերի մշակում, սկզբնական փուլում` Հայաստանի մարզերի համար, որը հիմք կհանդիսանա ՀՀ տարածքային զարգացման ամբողջական հայեցակարգի մշակման համար:



















