Հունվարի 25-ին, ժամը 19:00-ին, երեւանյան «Օպերա» ակումբում կնշվի ուսանողի ռուսական տոնը` Տատյանայի օրը:
Ինչպես հաղորդել է Հայաստանում «Ռոսսատրուդնիչեստվ» ներրկայացուցչության մամլո ծառայությունը, միջոցառման կազմակերպիչները ռուսական բուհերի մասնաճյուղերի ասոցիացիայի ուսանողներն են, Ռուս հայրենակիցների Երիտասարդական հասարակական կազմակերպությունը եւ ռուսական բուհերի շրջանավարտների միությունը: Միջոցառմանը կմասնակցեն Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, Արտասահմանյան հայրենակիցների` «Ռուսական երգ» Երկրորդ միջազգային փառատոնի դափնեկիր Արթուր Աղաջանովը, միջազգային «Ամբերսթար» (Սթոքհոլմ) մրցույթի 2011 թվականի Գրան-պրիի մրցանակակիրներ Վական (Վարդուհի Դավթյան), «Հայ արտ» ռոք խումբը: Կհնչեն Նիկոլայ Նոսկովի, Զեմֆիրայի, «Մորալնի կոդեքս», «Բիթլզ», Փինք ֆլոյդ խմբերի, Սթինգի, Դիփ Փարփլի, Բլեք Սաբբաթի, Բոննի Թեյլորի եւ այլ կատարողների երգացանկից երգեր:
Պատմական ակնարկ
1775 թվականի հունվարի 12-ը (ըստ Հուլյան օրացույցի կամ հունվարի 25-ը` ըստ Գրիգորյան օրացույցի) ` սուրբ նահատակ Տատյանայի հիշատակի եւ Իվան Շուվալովի մոր անվան օրը ռուսական Ելիզավետա կայսրուհին հավանություն է տվել Շուվալովի խնդրանքին եւ հրամանագիր ստորագրել Մոսկովյան համալսարանի բացման մասին, որը դարձել է ռուսական մշակույթի կենտրոնը: Հետագայում համալսարանի հին շենքի մի մասում ստեղծվել է սուրբ նահատակ Տատյանայի տուն-եկեղեցին, իսկ սուրբն էլ հայտարարվել է Ռուսաստանի ամբողջ ուսանողության հովանավորը:
Հրամանագրի ստորագրման օրը ՄՊՀ-ում ամեն տարի նշվում է Տատյանայի օրը, իսկ 2005 թվականից ի վեր հունվարի 25-ը Ռուսաստանում նշվում է որպես ուսանողության ռուսական օր:



























