Առնվազն 15 մարդ է զոհվել շաբաթ օրը Մեքսիկայի հարավարևելքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, որին մասնակցել է երեք մեքենա, հայտնում է AFP-ը։
Բեռնատար մեքենան շրջվել է Մերիդա և Կամպեչե քաղաքների միջև գտնվող մայրուղու վրա՝ բախվելով մարդատար ավտոմեքենայի և շինարարների տեղափոխող մեկ այլ բեռնատարի, հայտնել է Յուկատան նահանգի անվտանգության քարտուղարությունը։
«Հաստատվել է, որ դեպքի վայրում զոհվել է տասնհինգ մարդ», — նշված է սոցիալական ցանցերում տարածված հաղորդագրությունում։
Բեռնատարի վարորդը և ևս երկու մարդ վիրավորվել են։
Մահվան ելքով վթարը դարձել է վերջին շաբաթվա ընթացքում երկրում տեղի ունեցած երրորդ նմանատիպ միջադեպը՝ բազմաթիվ զոհերով։ Երկուշաբթի օրը Մեքսիկայի կենտրոնում բեռնատար գնացքը բախվել էր երկհարկանի ավտոբուսի, ինչի հետևանքով զոհվել էր 10 մարդ, 41-ը՝ վիրավորվել։
Երկու օր անց Մեխիկոյում շրջվել և պայթել է բենզին տեղափոխող բեռնատարը, որի մեջ եղել է մոտ 50 000 լիտր վառելիք։ Շաբաթ օրը ստացված վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են ծանր այրվածքներ։



























