Ալբանիայում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Շկուրովը, սրտի նոպա է ունեցել Կորչա շրջանի Վոսկոպոյա զբոսաշրջային գյուղում մասնավոր այցի ընթացքում։ Այս մասին հայտնում է «Բալկանյան դիտորդը»՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Հաղորդվում է, որ առողջական խնդիրների ի հայտ գալուց անմիջապես հետո դեսպանը շտապ տեղափոխվել է Կորչայի տարածաշրջանային հիվանդանոց, որտեղ նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։
Բժշկական աղբյուրների համաձայն, դեսպանի առողջական վիճակը ներկայումս կայուն է, սակայն նախատեսվում է նրա տեղափոխումը Տիրանայի հիվանդանոց՝ ավելի մասնագիտացված բուժման նպատակով։
Տեղական ոստիկանության աղբյուրները հաստատում են, որ դեսպանը Կորչայի շրջանում է եղել ոչ պաշտոնական այցով և չի անցկացրել աշխատանքային հանդիպում։ Նա այցելել է Վոսկոպոյա զբոսաշրջային վայրն իր կնոջ հետ՝ մասնավոր կարգով։
Հաղորդվում է, որ Ալբանիայում Ուկրաինայի առաջին դեսպանն իր աշխատանքը սկսել է հինգ տարի առաջ։





























