Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն առաջին անգամ դատապարտումից հետո, լքել է իր կացարանը՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով, հայտնում է իտալական Ansa գործակալությունը։
Նրա տեղափոխումը Բրազիլիայում գտնվող «Սթար» հիվանդանոց իրականացվել է ոստիկանության կողմից՝ Բարձրագույն դատարանի դատավոր Ալեշանդրե դե Մորաեսի թույլտվությամբ։ Ըստ բժշկական եզրակացության, Բոլսոնարուին անհրաժեշտ է բուժում՝ մաշկային որոշ ախտահարումների համար։
Թույլտվությունը սահմանում է, որ նախկին նախագահը կարող է գտնվել բուժհաստատությունում միայն խիստ անհրաժեշտ ժամանակահատվածում, իսկ նրա փաստաբանները պարտավոր են 48 ժամվա ընթացքում դատարանին ներկայացնել համապատասխան բժշկական փաստաթուղթ։
Բոլսոնարուին հիվանդանոցի մոտ դիմավորել է աջակիցների խումբ՝ դրոշներով և Աստվածաշնչերով, սակայն նա հրաժարվել է մեկնաբանություններից։
Նախկին նախագահը գտնվում է տնային կալանքի տակ օգոստոսի 4-ից՝ նախազգուշական միջոցների խախտման համար։ Նա գտնվում է ոստիկանության մշտական հսկողության ներքո՝ փախուստի մտավախության պատճառով։
Վերջերս Բրազիլիայի Բարձրագույն դատարանը նրան դատապարտել է 27 տարի և 3 ամիս ազատազրկման՝ 2022 թվականի ընտրություններից հետո նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի պաշտոնամուտը խափանելու նպատակով պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղադրանքով։





























