Անկարայում Ռուսաստանի նախկին դեսպանը նշել է որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու կարևորությունը, նախևառաջ, տարածաշրջանի երկրների կողմից՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի աջակցությամբ։
Հարավային Կովկասի երկրները պետք է առաջին հերթին իրենք որոշումներ կայացնեն իրենց տարածաշրջանի վերաբերյալ, իսկ ոչ տարածաշրջանային խաղացողները չպետք է այնտեղ բաժանարար գծեր ստեղծեն։ Այդ մասին թուրքական Hürriyet թերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայում իր առաքելությունն ավարտած ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը։
«Հարավային Կովկասի խնդիրների լուծման համար կարևոր պայման է regional ownership-ը, այսինքն՝ որոշումների ընդունումը և դրանց իրականացումը, առաջին հերթին, հենց տարածաշրջանի երկրների կողմից՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի աջակցությամբ։ Իսկ ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է նոր բաժանարար գծեր ստեղծի։ Սա վերաբերում է նաև այնպիսի առանցքային ասպեկտի, ինչպիսին է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ասել է նա։
Ըստ Երխովի՝ «Հարավային Կովկասում բավականին բարդ ու հակասական գործընթացներ են տեղի ունենում, որոնցում և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան շարունակում են նշանակալի, դինամիկ դեր խաղալ»։ «Մոսկվան և Անկարան հավասարապես շահագրգռված են այս տարածաշրջանում կայունության և բարգավաճման գոտի ձևավորելով, աջակցում են բոլոր ջանքերին, որոնք նպաստում են այստեղ անվտանգության ապահովմանը և փոխշահավետ համագործակցության հաստատմանը։ Դրա հիմքը, իհարկե, պետք է դառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հիման վրա։ Այն դեռ պետք է ստորագրվի, քանի որ այն դեռ միայն նախաստորագրված է»,- նշել է դեսպանը։
Սակայն նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «դեռևս անհասկանալի են այն սցենարների ու նախագծերի շատ մանրամասներ, որոնք քննարկվում են»։ «Ով, ինչ, ինչպես և երբ. այստեղ չափազանց շատ անորոշություններ կան, չափազանց շատ հարցականներ են մնում։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես կարող է այս ամենի վրա ազդել Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային տարածքին, այդ թվում՝ այդ երկրի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների հարցում»,- ասել է Երխովը։





























