Հայ-թուրքական հարաբերություններում իմիտացիա չկա, ինչպես շատերն են պնդում։ Այս մասին սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորին զարմացրել է հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության մասին հայտարարությունը։ «Քննարկումներն ընթացել են բավականին դրական մթնոլորտում։ Հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ամփոփվել են Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ բանակցությունների արդյունքները։ Մենք հույս ունենք, որ մեր թուրք գործընկերների հետ հարաբերությունները կզարգանան այն տրամաբանությամբ, որը նախկինում հրապարակայնորեն քննարկվել էր և որ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն գործնականում», - նշել է Հովհաննիսյանը։ Միաժամանակ նա հավելել է, որ չի կարող արդեն իսկ հնչեցվածից ավելին ասել։





























