Երեքշաբթի օրը Չինաստանի հյուսիս-արևելքում ավիաշոուի փորձի ժամանակ երկու թռչող մեքենաներ են բախվել միմյանց, ինչի հետևանքով օդաչուներից մեկը վիրավորվել է, իսկ մեքենաներից մեկը ստիպված է եղել վայրէջք կատարել, որտեղ էլ այն բռնկվել է, հաղորդում է CNN-ը։
Ինտերնետում շրջանառվող և Չինաստանի պետական լրատվամիջոցներով հրապարակված տեսանյութերում երևում է, թե ինչպես է մեքենաներից մեկից ծուխ բարձրանում, մինչդեռ հրշեջ մեքենաներն ու շտապօգնության մեքենաները շտապում են դեպքի վայր։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի կեսօրին Ծիլին նահանգի Չանչուն քաղաքում, երբ քաղաքը պատրաստվում էր հինգօրյա ավիաշոուին, որը պետք է մեկնարկեր ուրբաթ օրը։
Թռչող ավտոմեքենաները, կամ էլեկտրական ուղղահայաց թռիչքի և վայրէջքի տրանսպորտային միջոցները (eVTOL), մշակվել են Xpeng Aeroht ընկերության կողմից, որը չինական էլեկտրական մեքենաների հսկա Xpeng-ի դուստր ձեռնարկությունն է։
CNN-ին արված հայտարարության մեջ ընկերությունը նշել է, որ բախումը տեղի է ունեցել «անբավարար հեռավորության» պատճառով և մեքենաներից մեկը «վայրէջքի ժամանակ ստացել է ֆյուզելաժի վնաս և բռնկվել է»։
«Դեպքի վայրում գտնվող անձնակազմը անվտանգ վիճակում է, իսկ տեղական իշխանությունները կազմակերպված կերպով ավարտել են արտակարգ միջոցառումները», - ասվում է հայտարարության մեջ։
Այս պահին հետաքննություն է ընթանում։
Ընկերության աշխատակիցը, որը խնդրել է չհրապարակել իր անունը, քանի որ լիազորված չէր հանդես գալ հրապարակային ելույթով, CNN-ին հայտնել է, որ երկու մեքենաներն էլ բարդ հնարքներ են կատարել խիտ շարքով։ Զրուցակիցը հավելել է, որ օդաչուներից մեկը աննշան վնասվածքներ է ստացել։





























