Հնագիտական ոսպի նմուշների առաջին գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ Կանարյան կղզիներում առ այսօր մշակվում են Հյուսիսային Աֆրիկայից երկրորդ դարում տեղացիների բերած տեսակներ։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Archaeological Science (JAS) հանդեսում:
Շվեդիայի Լինշոպինգի համալսարանի և Իսպանիայի Լաս Պալմաս դե Գրան Կանարիա համալսարանի գիտնականները վերլուծել են հրաբխային ապարների մեջ փորված հացահատիկային պահեստներում հայտնաբերված սերմերը։ Պահպանման եզակի պայմանների շնորհիվ սերմերը պահպանել են իրենց ԴՆԹ-ն, ինչը հնարավորություն է տվել համեմատել հին նմուշները ժամանակակիցների հետ։
«Պարզվում է՝ նույն տեսակի ոսպը Կանարյան կղզիներում շարունակ մշակվել է գրեթե երկու հազար տարի։ Դա առանձնապես ուշագրավ է, հաշվի առնելով, որ կղզիների եվրոպացիների ժամանումից հետո բուն բնակչությունը գործնականում անհետացել է։ Նոր բնակիչները, ըստ երևույթին, ընդօրինակել են տեղական մշակաբույսերը և շարունակել են դրանք մշակել»,- պատմել է հետազոտության ղեկավար Յենի Հագենբլադը։
Գիտնականները ենթադրում են, որ տեսակների դիմադրողականությունը կապված է տաք և չոր կլիմայական պայմաններին դրանց բարձր հարմարվողականության հետ։ Չի բացառվում, որ կանայք նպաստել են ավանդական մշակաբույսերի պահպանմանը. գիտնականների կարծիքով՝ նրանք են դարեր շարունակ պահպանել և փոխանցել բույսերի աճեցման գիտելիքները։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ Կանարյան կղզիների ոսպը նպաստել է ոչ միայն խոհարարական ժառանգությանը, այլև ժամանակակից իսպանական սորտերի գենետիկային։ Կլիմայի փոփոխության պայմաններում, նման բույսերը, որոնք հարմարվել են երաշտին և շոգին, կարող են չափազանց արժեքավոր լինել ապագա ընտրասերման համար»,- նշել է հետազոտության համահեղինակ Ջեյքոբ Մորալեսը։





























