Օվկիանոսագետների և կլիմայագետների միջազգային թիմը հայտնաբերել է ապացույցներ, որ գլոբալ միջին ջերմաստիճանի հետագա բարձրացումը կհանգեցնի այս դարի կեսերին Ատլանտյան օվկիանոսի բուստախութերի ավելի քան 70%-ի արագ ոչնչացմանը: Դրանց անհետացումը կխորացնի ծովի մակարդակի բարձրացման բացասական հետևանքները, գրում են հետազոտողները Nature հանդեսում հրապարակված հոդվածում։
«Մենք ուսումնասիրել ենք հին մարջանների քարացածություններն արևադարձային Ատլանտյան օվկիանոսի ավելի քան 400 շրջաններում՝ գնահատելու համար, թե ինչպես կփոխվեն բուստախութերի աճի ձևերը և դրանց առնչվող էկոհամակարգերի գործունեությունը: Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ մինչև 2040 թվականը Ատլանտյան օվկիանոսի բուստախութերի ավելի քան 70%-ը կսկսի փլուզվել, և կլիմայի երկու աստիճան կամ ավելի տաքացման դեպքում այդ գործընթացները կազդեն խութերի ավելի քան 99%-ի վրա»,- գրում են գիտնականները։
Նման եզրակացության է հանգել կլիմայագետների և օվկիանոսագետների մի խումբ՝ Էքսետերի համալսարանի (Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Քրիստոֆեր Փերիի գլխավորությամբ, որը համապարփակ հետազոտություն է անցկացրել՝ ինչպես են գլոբալ տաքացումը և դրան առնչվող ծովի մակարդակի բարձրացումն ազդելու արևադարձային Ատլանտյան օվկիանոսի մարջանների գաղութների վիճակի վրա: Այս մարջանապոլիպները և դրանց առնչվող էկոհամակարգերը պաշտպանում են մայրցամաքային ափագծերը պարբերական ջրհեղեղներից և հզոր օվկիանոսային ալիքներից առաջացող ավերումներից։
Այդ խութերի ապագա ճակատագիրը բացահայտելու համար գիտնականները հավաքել են բրածո մարջանների նմուշներ Ֆլորիդայի, Պանամայի, Մեքսիկայի, Բոնեյր կղզու և արևադարձային Ատլանտյան օվկիանոսի այլ շրջանների ափերից: Հետազոտողները օգտագործել են այս քարացածությունները՝ վերլուծելու համար, թե ինչպես են անցյալում ջերմաստիճանի և ծովի մակարդակի տատանումներն ազդել մարջանների աճի տեմպերի վրա, ինչը նրանց օգնել է գնահատել, թե ինչպես կփոխվի այդ տեմպը չորս բազային կլիմայական սցենարների դեպքում։
Այս հաշվարկները ցույց են տվել, որ նույնիսկ ներկայիս պայմաններում հյուսիսային արևադարձային Ատլանտյան օվկիանոսի շատ բուստախութեր ակտիվորեն ոչնչացվում են, և մինչև 2040 թվականն այդ գործընթացը կազդի մարջանապոլիպների գաղութների ավելի քան 70%-ի վրա, նույնիսկ ջերմաստիճանի նվազագույն բարձրացման դեպքում։ Եթե մարդկությունը չկարողանա սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 2 աստիճանով ըստ Ցելսիուսի, գրեթե բոլոր արևադարձային Ատլանտյան խութերը կսկսեն արագորեն քայքայվել, ինչը բացասաբար կանդրադառնա փոթորիկներից և ալիքներից ափամերձ տարածքների պաշտպանության վրա։
Գիտնականների կարծիքով, այս իրավիճակն ավելի կսրվի դարի կեսերին ծովի մակարդակի մոտավորապես 30-50 սմ բարձրացման պատճառով, ինչը կարագացնի խութերի ոչնչացումը և ափերը կդարձնի ավելի խոցելի բնական աղետների նկատմամբ, նույնիսկ հաշվի առնելով մարջանների պոպուլյացիաների վերականգնման բոլոր հնարավոր միջոցները։ Դա հերթական անգամ ընդգծում է գլոբալ տաքացման դեմ պայքարի կարևորությունը և կոչ է անում մշակել նոր ռազմավարություններ բնական աղետների հնարավոր հետևանքների դեմ պայքարելու համար, եզրակացրել են գիտնականները։





























