Պետական ​​ճաշկերույթը՝ դիվանագիտություն է շքեղ սեղանի շուրջ։ Պետական այցի դիտարժան գագաթնակետը, ոսկով ու բյուրեղով շողշողացող տոնակատարությունն է՝ ելույթներով, թագավորական կենացներով, ֆանֆարներով ու նրբաճաշակ ուտեստներով, հաղորդում Է BBC-ն։

Բրիտանական թագավորական ընտանիքը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ճաշկերույթը անմոռանալի տպավորություն թողնի Դոնալդ Թրամփի վրա։

Խնջույքը տեղի է ունեցել Վինձորի ամրոցի Սուրբ Գևորգի դահլիճում: Ներքին հարդարանքը հիշեցնում էր ինչպես միջնադարյան խնջույքներ, այնպես էլ Հարրի Փոթերի մասին ֆիլմեր:

Անձնակազմի հագին եղել են նրբագեղ համազգեստներ, նրանք նույնքան կարգապահ են եղել, որքան խնջույքից մեկ օր առաջ շքերթի ժամանակ հավաքված զինվորները: Սպասքի պարագաները մանրակրկիտ դասավորված են եղել միլիմետրերի ճշգրտությամբ: Ընդհանուր առմամբ 160 հյուրերի համար օգտագործվել է 1452 սպասքի պարագաներ: Գումարած հինգ բաժակ և յուրաքանչյուր հյուրի համար նախատեսված գինու գավաթներ:

Թրամփի այցի պատվին կազմակերպված ճաշկերույթի հյուրերին հյուրասիրել են ֆրանսերենով կազմված ճաշացանկի ուտեստներով։

Հեմփշիրյան կոտեմով Պաննա կոտտա՝ պարմեզանով թխվածքաբլիթով և լորի ձվի աղցանով։

Նորֆոլքյան հավի բալոտին՝ կծու համով դդմիկներով և ուրցի թուրմից պատրաստված սոուսով։

Վանիլային պաղպաղակ՝ քենթական ազնվամորու սորբետի և թեթևակի եփած «Վիկտորիա» սալորների միջուկով։

Հյուրերին առաջարկվել է գինիների հիանալի ընտրանի՝ Wiston Estate, Cuvée 2016, Domaine Bonneau de Martray, Corton-Charlemagne, Grand Cru 2018, Ridge Vineyards, Monte Bello, 2000, Pol Roger, Extra Cuvée de Réserve, 1998։

Դիժեստիվների՝ ճաշից հետո մատուցվող ըմպելիքների ցանկը, լի է եղել սիմվոլիզմով։ Այնտեղ եղել է 1945 թվականի պորտվեյն՝ ի պատիվ Թրամփի՝ որպես ԱՄՆ 45-րդ նախագահի։ Չնայած Թրամփն ընդհանրապես չի խմում։

Եղել է նաև 1912 թվականի կոնյակ։ 1912 թվականին Շոտլանդիայի Լյուիս կղզու մի գյուղում ծնվել է Դոնալդ Թրամփի մայրը՝ Մերի Էնն ՄաքԼեոդը։

Եվ այս բոլոր խորհրդանշանների բազմությունից բացի, կար նաև «Անդրատլանտյան» կոկտեյլ՝ հիմնված Johnnie Walker վիսկիի վրա, որին մատուցվում էր թխվածքաբլիթ՝ պեկան ընկույզով կրեմով և բրիտանական մարշմելոու զեֆիրով։