Ձյուդոյի օլիմպիական մրցաշարի մասնակիցների վերջնական ցուցակը դեռ չի հրապարակվել, քանի որ դեռ նախատեսված են եւս մի քանի վարկանիշային մրցաշարեր, սակայն Հայաստանի հավաքականի առաջատարներ Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանն արդեն գործնականում ապահովել են ուղեգիրը: 60 կգ քաշայինների համաշխարհային վարկանիշային աղյուսակում Հովհաննես Դավթյանը 13-րդն է, Արմեն Նազարյանը 66 կգ քաշային կարգում` 12-րդը:

Հայաստանի հավաքականն այժմ նախապատրաստվում է հունվարի 28-29-ին Թբիլիսիում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին, իսկ փետրվարի 4-5-ին Փարիզում կայանալիք Մեծ սաղավարտի հերթական մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հովհաննես Դավթյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրիոտուրուն NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահությամբ հայտարարեց, որ Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանն արդեն ապահովել են Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիրը:

«Հայ ձյուդոիստներից միայն Դավթյանն ու Նազարյանն ունեն բարձր վարկանիշ: Երկուսն էլ շատ տաղանդավոր են եւ փորձառու: Վստահ եմ, որ նրանք կարող են նվաճել օլիմպիական մեդալ: Բայց նախապես իհարկե չեմ կարող ասել, որ հենց այդպես էլ կլինի: Մեր մարզաձեւում օլիմպիական չեմպիոն կամ մեդալակիր դառնալը շատ բարդ է: Բայց մեր նպատակն է հայկական ձյուդոյի պատմության մեջ առաջին անգամ մեդալ նվաճելը: Մինչեւ Օլիմպիական խաղերի մեկնարկը մեր մարզիկները կմասնակցեն եւս մի քանի մրցաշարերի: Երիտասարդները փորձ ձեռք կբերեն, իսկ առաջատարները կպահպանեն մարզավիճակը եւ դրա բարձրակետին հանդես կգան Լոնդոնում:

Մեր թիմն ունի ներուժ: Այս պահին առաջատարներն են Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը, սակայն կան նաեւ երիտասարդ ձյուդոիստներ, որոնք մոտ ապագայում կարող են հասնել մեծ հաջողությունների: Մենք հույս ունենք, որ այդպես կլինի եւ մարզվում ենք առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Ձյուդոյում հաջողության կարող են հասնել միայն իսկական պրոֆեսիոնալները: Մեր թիմում կան այդպիսի մարզիկներ»,- նշեց Ադրիան Կրիոտուրուն:

Հայաստանի հավաքականի մարզման ժամանակ NEWS.am-ի թղթակիցը զրուցեց նաեւ Հովհաննես Դավթյանի անձնական մարզիչ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարեն Սիմոնյանի հետ, ով նույնպես հույս ունի, որ մեր մարզիկները հաջողության կհասնեն Լոնդոնում:  

«Դավթյանն ու Նազարյանն արժանի են դրվատանքի: Այժմ արվում է ամեն ինչ, որպեսզի նրանք կարողանան հաջողության հասնել Օլիմպիական խաղերում: Անկասկած, մեդալ նվաճելը շատ բարդ կլինի: Ձյուդոյում փոխվել է մրցավարությունը եւ ավելի բարդ է դարձել հաղթանակ տանելը: Շատ կարեւոր է նաեւ մրցավարների գործողությունը: Առանց հաջողության մեդալ նվաճել գրեթե անհնար է: Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը պատրաստ կլինեն: Դավթյանի համար ասեմ, որ նա իսկական մարտիկ է: Պայքարում է մինչեւ վերջ»,- նշեց Կարեն Սիմոնյանը:

Հովհաննես Դավթյանը փետրվարի 4-ին կայանալիք Փարիզի մրցաշարից բացի մինչեւ Օլիմպիական խաղերը կմասնակցի նաեւ Բուդապեշտի, Դյուսելդորֆի եւ Վարշավայի մրցաշարերին:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը