Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շիբանին ուրբաթ օրը իր երկրի դրոշն է բարձրացրել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող դեսպանատան շենքի վրա։ Այդպիսով նա ցույց է տվել, որ Դամասկոսը հույս ունի, որ Սիրիայի նկատմամբ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ «Կեսարի օրենքը» կվերացվեն, հաղորդում է Al Arabiya-ն։
Հինգշաբթի օրը Շիբանին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարարության մի շարք պաշտոնյաների հետ՝ Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմաս Բերրաքի ներկայությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի տնտեսությանը համաշխարհային ֆինանսական համակարգին պատասխանատու և անվտանգ կերպով միացնելու ուղիները, ինչը կնպաստի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համատեղ ջանքերի ամրապնդմանը։ Հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայի արտաքին գործերի նախարարի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում՝ բովանդակային բանակցություններ անցկացնելու համար։
Շիբանին նաև հանդիպել է Կոնգրեսի մի շարք անդամների հետ՝ երկկողմ հարաբերությունները և Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումը քննարկելու համար։
Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակ, նրա վարչակազմը ժամանակավոր բացառություններ էր սահմանել այդ պատժամիջոցների համար, սակայն դրանց ամբողջական չեղարկումը պահանջում է Կոնգրեսի քվեարկությունը։ 2019 թվականին, Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում, ստորագրվել է «Կեսարի ակտը», որը պատժամիջոցներ էր սահմանում Սիրիայի զինվորականների և այլ անձանց նկատմամբ։





























