Ուղևորների գրանցման և ուղեբեռի հաշվառման ծառայություններ մատուցող ընկերության դեմ իրականացված կիբերհարձակումը խախտել է եվրոպական մի քանի օդանավակայանների աշխատանքը, ինչի հետևանքով չվերթների ուշացումներ և չեղարկումներ են եղել Բրյուսելի, Բեռլինի և Լոնդոնի Հիթրոու օդանավակայաններում, հայտնում է Reuters-ը։

Բրյուսելի օդանավակայանի տվյալներով՝ հարձակման արդյունքում ավտոմատացված համակարգերը դարձել են անգործունակ, ինչի հետևանքով գրանցումը և ուղևորների նստեցումը հնարավոր է եղել իրականացնել միայն ձեռքով։

«Սա զգալի ազդեցություն է ունենում չվերթների ժամանակացույցի վրա և ցավոք, կհանգեցնի չվերթների ուշացումների և չեղարկումների», - ասվում է օդանավակայանի օպերատորի՝ իր կայքում հրապարակած հայտարարության մեջ։ «Ծառայություններ մատուցող ընկերությունը ակտիվորեն աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ և փորձում է այն շտկել որքան հնարավոր է շուտ»։

Այն ուղևորներին, որոնց չվերթը նախատեսված էր շաբաթ օրը, խորհուրդ էր տրվում հաստատել իրենց ուղևորությունը ավիաընկերությունում՝ նախքան օդանավակայան մեկնելը։

«Եվրոպայով աշխատող համակարգային մատակարարի մոտ տեխնիկական խնդրի պատճառով գրանցումների սպասման ժամանակն ավելանում է։ Մենք աշխատում ենք արագ լուծում գտնելու ուղղությամբ», - ասվում է Բեռլինի օդանավակայանի հաղորդագրության մեջ։