Հրշեջները, զորքերի աջակցությամբ, շաբաթ օրը պայքարել են Իսպանիայի հյուսիս-արևմուտքում բռնկված երկու անտառային հրդեհների դեմ, որոնք սրվել էին չորային պայմանների և բարձր ջերմաստիճանի պատճառով, հաղորդում է AFP-ն։
Գալիսիայի Լուգո նահանգում 82 բրիգադ և ջրային ռումբերով 25 ինքնաթիռ պայքարել են հինգշաբթի բռնկված հրդեհի դեմ, որը մինչ այժմ ոչնչացրել է մոտ 1400 հեկտար տարածք, ասվում է տարածաշրջանային կառավարության հայտարարության մեջ։
Հրդեհները պայմանավորված են Իսպանիայում նորմայից բարձր ջերմաստիճանով, քանի որ վերջին օրերին Գալիսիայի որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 30 աստիճան Ցելսիուսը: Շաբաթ օրվա ուշ ժամերին ջերմաստիճանը, կանխատեսումների համաձայն, կնվազի և անձրևը կօգնի մարել հրդեհները:
Այս ամառ Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իսպանիան, ինչպես նաև հարևան Պորտուգալիան տուժել են կործանարար անտառային հրդեհներից։ Անտառային հրդեհների մասին տեղեկատվության եվրոպական համակարգի տվյալներով՝ յուրաքանչյուր երկրում չորս մարդ է մահացել։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում Իսպանիայում այրվել է գրեթե 330,000 հեկտար, իսկ Պորտուգալիայում՝ գրեթե 250,000 հեկտար։





























