Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը զրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նրանք քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները՝ երկու երկրների ղեկավարների Նյու Յորքում կայանալիք հանդիպումից առաջ, հաղորդում է RBC-Ukraine-ն՝ հղում անելով Երմակի Telegram-ում գրառմանը։
«Մենք քննարկել ենք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների նախապատրաստումը, ինչպես նաև ռազմական, պաշտպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը», - գրել է նա։
Երկու երկրների ներկայացուցիչները նաև նշել են Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև կայանալիք հանդիպման կարևորությունը՝ «որպես երկու առաջնորդների միջև արդար խաղաղության հասնելուն ուղղված շարունակական երկխոսության մի մաս»։
«Ես շնորհակալություն եմ հայտնել ամերիկյան կողմին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դադարեցմանն ուղղված հետևողական և կառուցողական աջակցության համար», - հավելել է Երմակը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շուտով կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու համար։ Նա ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կխոսի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին։





























