Մի տղամարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել, երբ զինված անձը կրակ է բացել Նյու Հեմփշիրի արվարձանային ակումբում շաբաթ երեկոյան, հայտնել է նահանգի գլխավոր դատախազը, հաղորդում է NBC News-ը։

Sky Meadow ակումբի վրա հարձակման հետևանքով տուժածների թիվը դեռևս հայտնի չէ։ Նյու Հեմփշիրի գլխավոր դատախազի ավագ օգնական Փիթեր Հինքլին հայտնել է, որ որոշ տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել՝ դեպքի վայրից հեռանալով մասնավոր մեքենաներով։ Հինքլին նշել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ Այս մասին նա հայտնել է գիշերն անցկացված մամուլի ասուլիսում։

«Հետաքննության արդյունքներով, չափահաս տղամարդը մենակ մտել է ակումբ և մի քանի կրակոց արձակել, – ասվում է Նյու Հեմփշիրի գլխավոր դատախազ Ջոն Ֆորմելայի հայտարարության մեջ։ – Մեկ չափահաս տղամարդ սպանվել է, ևս մի քանի մարդ վիրավորվել են»։

Ֆորմելան նշել է, որ հարձակման հետևանքով բնակչության համար վտանգ չի առաջացել։ Սկզբում Նաշուայի ոստիկանությունը հայտնել էր, թե կրակողները երկուսն են եղել, սակայն խցիկների տեսագրությունները դիտելուց հետո պարզվել է, որ կրակել է միայն մեկ մարդ։ Մայքլ Հոումվուդը, որը գտնվել է միջոցառման վայրում, երբ սկսվել է հրաձգությունը, ասել է, որ հարձակումը տեղի է ունեցել հարսանեկան ընդունելության ժամանակ։

Նաշուան՝ ավելի քան 91 000 բնակչություն ունեցող քաղաքը, գտնվում է մոտավորապես 45 մղոն դեպի հյուսիս-հյուսիս-արևմուտք Բոստոնից։ Մասնավոր արվարձանային ակումբը տեղակայված է մոտ կես մղոն հեռավորության վրա Մասաչուսեթս նահանգի սահմանից։ Մասաչուսեթսի Թինգսբորո քաղաքի ոստիկանությունը հայտնել է, որ Հյուսիսարևելյան Մասաչուսեթսի իրավապահ մարմինների խորհուրդը և նահանգային ոստիկանությունն աջակցում են Նաշուայի իշխանություններին, ներառյալ Նյու Հեմփշիրի նահանգային ոստիկանությունը։