Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարել է, որ Սիրիայի հետ անվտանգության հարցով համաձայնագրի շուրջ որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն համաձայնագրի ձեռքբերումը անխուսափելի չէ, հաղորդում է Reuters-ը։
Կաբինետի նիստի մեկնարկին ունեցած ելույթում Նեթանյահուն նշել է, որ Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման նկատմամբ հաղթանակը հնարավորություն է ստեղծել Իսրայելի հյուսիսային հարևանների հետ խաղաղություն հաստատելու համար։
«Մենք բանակցում ենք սիրիացիների հետ, որոշակի առաջընթաց կա, բայց դեռ շատ աշխատանք կա անելու, – ասել է նա։ – Ամեն դեպքում, այս քննարկումները, ինչպես նաև Լիբանանի հետ շփումները անհնար կլինեին առանց մեր վճռական հաղթանակների հյուսիսային ճակատում և այլուր»։
Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելի հետ շարունակվող բանակցությունները անվտանգության պակտի ստորագրման շուրջ կարող են արդյունք տալ «մոտ օրերս»։
Ըստ նրա, անվտանգության պակտը «անհրաժեշտություն» է, և այն պետք է հարգի Սիրիայի օդային տարածքն ու տարածքային ամբողջականությունը և վերահսկվի ՄԱԿ-ի կողմից։
Սիրիան և Իսրայելը բանակցություններ են վարում համաձայնագրի շուրջ, որը, ըստ Դամասկոսի ակնկալիքների, կապահովի իսրայելական օդային հարվածների դադարեցումը և իսրայելական զորքերի դուրսբերումը, որոնք ներխուժել են Սիրիայի հարավ։





























