Հյուսիսային Կորեան, ըստ ամենայնի, պատրաստվում է հաջորդ ամսվա ընթացքում լայնածավալ ռազմական շքերթ անցկացնել՝ նվիրված Կորեայի իշխող Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-րդ տարեդարձին, հաղորդում է Yonhap-ը՝ վկայակոչելով կիրակի օրը տարածված պետական աղբյուրի տեղեկությունները։

Ըստ լրատվամիջոցի, ԿԺԴՀ-ն կուսակցության տարեդարձը նշում է հոկտեմբերի 10-ին՝ կազմակերպելով մասշտաբային ռազմական շքերթներ և մարմնամարզական ներկայացումներ յուրաքանչյուր հինգ և տասը տարին մեկ։

«Անձնակազմը, տեխնիկան և տրանսպորտային միջոցները արբանյակային լուսանկարահանման շնորհիվ հայտնաբերվել են ռազմական շքերթների անցկացման համար նախատեսված զորավարժարանի տարածքում՝ Միրիմ օդանավակայանի մոտ, սկսած հուլիսից», – հայտնել է աղբյուրը՝ հղում անելով արբանյակային տվյալներին։

Նույն աղբյուրի վկայությամբ, որը ցանկացել է անանուն մնալ, հայտնաբերված տեխնիկայի թվում եղել են նաև տեղափոխման և արձակման կայաններ (TELS)։

Նա նշել է, որ նախատեսվող ռազմական շքերթի համար մոբիլիզացված անձնակազմի և տեխնիկայի քանակը, ըստ երևույթին, աճել է՝ համեմատած նախորդ տարիների հետ։

Վերջին անգամ Հյուսիսային Կորեան անցկացրել է խոշոր գիշերային ռազմական շքերթ 2023 թվականի սեպտեմբերին՝ նշելով պետության հիմնադրման 75-րդ տարեդարձը։

Համարվում է, որ երկիրը հրավիրել է արտասահմանյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնակցելու առաջիկա տարեդարձին, և կան ենթադրություններ, որ միջոցառմանը կարող է ներկա լինել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը։