Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեսպան Չարլզ Քուշների կողմից իրեն հրապարակայնորեն մեղադրելը՝ հակասեմիտիզմի դեմ պայքարում անբավարար քայլեր ձեռնարկելու մեջ, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին քաղաքական դիրքորոշումը երկրի ներսում հրեաների դեմ բռնության դեպքերի հետ կապելն, անթույլատրելի է։

Օգոստոսին Wall Street Journal-ում հրապարակված նամակում Քուշները գրել էր Մակրոնին, որ «խորապես մտահոգված է Ֆրանսիայում հակասեմիտիզմի կտրուկ աճով և ձեր կառավարության կողմից դրա դեմ պայքարի անբավարար քայլերով»։
«Իսրայելի հասցեին արված հրապարակային հայտարարությունները և Պաղեստին պետության ճանաչմանն ուղղված քայլերը խթանում են ծայրահեղականներին, հրահրում են բռնություն և վտանգի տակ են դնում Ֆրանսիայի հրեաների կյանքը», – գրել էր նա՝ կոչ անելով Մակրոնին «ապահովել ատելության հողի վրա կատարված հանցագործությունների մասին օրենքների լիարժեք կիրառումը՝ առանց բացառության, ապահովել հրեական դպրոցների, սինագոգների և ձեռնարկությունների անվտանգությունը, խստորեն հետապնդել իրավախախտներին» և «հրաժարվել այն քայլերից, որոնք լեգիտիմություն են հաղորդում ՀԱՄԱՍ-ին և նրա դաշնակիցներին»։

Հինգշաբթի օրը Փարիզում CBS News-ի հաղորդավար Մարգարեթ Բրենանին տված հարցազրույցում Մակրոնը Քուշների քննադատությունը որակել է «սխալ» և «անթույլատրելի հայտարարություն՝ մարդու կողմից, որը ենթադրաբար դիվանագետ է»։

Մակրոնը նշել է, որ Ֆրանսիայի դեսպանին երբեք թույլ չէր տրվի նման հրապարակային հայտարարություններ անել այլ երկրի մասին, քանի որ դա վտանգի տակ կդնի դիվանագիտական հարաբերությունները։ «Այսպիսով, կամ դուք մարդ եք, որը ցանկանում է ազատ արտահայտել իր կարծիքը, – ասել է Մակրոնը, – կամ դուք դիվանագետ եք, և պետք է հետևեք դիվանագիտության կանոններին։ … [Ամերիկյան] հարկատուների գումարները պատշաճ կերպով չեն օգտագործվում նման հայտարարությունների ֆինանսավորման համար»։

Անցած ամսին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հրավիրել էր դեսպանին։ Նախարարությունը հայտարարել էր, որ Քուշների հայտարարությունները «հակասում են միջազգային իրավունքին»՝ հղում անելով 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային, որը սահմանում է «պետությունների ներքին գործերին չմիջամտելու պարտավորությունը»։