Ֆիլիպինների ոստիկանությունը բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ ձերբակալել է 216 մարդու, այդ թվում՝ անչափահասների, հաղորդում է The Manila Times-ը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարության տվյալներին։
Նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 21-ի անկարգությունների ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ցուցարարների՝ մեքենաներ հրկիզելու, քարեր և մոլոտովի կոկտեյլներ նետելու, ինչպես նաև մոթելից իրեր գողանալու համար։ Նախարար Խուանիտո Ռեմուլլայի խոսքով՝ ոստիկանների վրա մոլոտովի կոկտեյլներ նետողները կարող են մեղադրվել սպանության փորձի մեջ։ Ռեմուլլան անկարգությունների մասնակիցներին անվանել է «անարխիստներ»։
«Տրիլիոն պեսոյի երթ» անվամբ բողոքի ցույցը նախաձեռնել են սոցիալական ակտիվիստները՝ երկրի ջրհեղեղների դեմ պայքարի հիմնադրամից հափշտակությունների բացահայտումներից հետո։ Իրավապահ մարմինների պաշտոնյաները գնահատում են, որ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 49,000 մարդ։ Վիրավորվել է առնվազն 40 ոստիկան։





























