Թուրքիայի իշխանությունները վերացրել են ամերիկյան ապրանքների մի քանի լրացուցիչ ներմուծման մաքսատուրքեր, որոնք ուժի մեջ էին 2018 թվականից։ Համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական Resmi gazete տեղեկագրում։

Չեղարկումը տարածվել է 33 ապրանքային կատեգորիայի վրա։ Լրացուցիչ մաքսատուրքեր են վերացվել նաև ալկոհոլային խմիչքների, մարդատար ավտոմեքենաների, ծխախոտի և կոսմետիկայի նկատմամբ։ Թուրքիայի առևտրի նախարարության տվյալներով՝ որոշումն ընդունվել է «հաջող և արդյունավետ բանակցություններից» հետո։ «Մենք կշարունակենք աշխատել և իրականացնել քաղաքականություն՝ 100 միլիարդ դոլարի առևտրային ծավալին հասնելու համար, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների հիմնական նպատակներից մեկն է»,- ըստ «Московский комсомолец»-ի՝ հայտարարել են նախարարությունում:

Լրացուցիչ մաքսատուրքերը վերացնելու որոշումն ընդունվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ֆոնին։ Նա կմասնակցի Նյու Յորքում անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջոցառումներին և սեպտեմբերի 25-ին Վաշինգտոնում բանակցություններ կվարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Անկարան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել ամերիկյան ապրանքների վրա 2018 թվականին՝ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում։ Դա պատասխան միջոց էր թուրքական մի շարք ներմուծվող ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերի բարձրացման դեմ։