Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
Օրակարգում միգրացիոն քաղաքականությունն էր։ Հանդիպումը սկսվել է ռուս-ամերիկյան Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի քննարկմամբ, որի ժամկետը լրանում է 2026 թվականի փետրվարի 5-ին։
«Ռուսաստանը պատրաստ է մեկ տարի շարունակել պահպանել Ռազմավարական հարձակողական զենքի կրճատման պայմանագրի կենտրոնական քանակական սահմանափակումները 2026 թվականի փետրվարի 5-ից հետո։
Ավելին, իրավիճակի վերլուծության հիման վրա որոշում կընդունենք այդ կամավոր ինքնասահմանափակումների շարունակական պահպանման վերաբերյալ։ Կարծում ենք՝ այդ միջոցառումը կենսունակ կլինի միայն այն դեպքում, եթե Միացյալ Նահանգները գործի նմանատիպ ձևով և չձեռնարկի քայլեր, որոնք կխաթարեն կամ կխախտեն զսպման հնարավորությունների առկա հավասարակշռությունը»,- նշել է Պուտինը։
«Ընդգծում եմ՝ ոչ ոք չպետք է կասկածի դրանում. Ռուսաստանը ի վիճակի է արձագանքել ցանկացած առկա կամ ի հայտ եկող սպառնալիքի, ոչ թե խոսքերով, այլ ռազմատեխնիկական միջոցների կիրառմամբ։ Դրա օրինակ է մեր որոշումը՝ հրաժարվել ցամաքային միջին և փոքր հեռահարության հրթիռների տեղակայման միակողմանի մորատորիումից։ Դա անհրաժեշտ քայլ էր, որը թելադրված էր Եվրոպայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նմանատիպ ամերիկյան և այլ արևմտյան արտադրության զենքեր տեղակայելու ծրագրերին համարժեք արձագանքելու անհրաժեշտությամբ, որն անմիջականորեն սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը», - հավելել է Ռուսաստանի նախագահը։



























