ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինան կարող է վերադարձնել իր ամբողջ տարածքը «իր սկզբնական տեսքով»։

Նա նշել է, որ նման եզրակացության է հանգել «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական և տնտեսական իրավիճակը վերանայելուց և լիովին ըմբռնելուց, ինչպես նաև  Ռուսաստանի համար այդ հանգամանքներից բխող տնտեսական խնդիրները տեսնելուց հետո»։

Ավելին, Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի տարածքը վերադարձնելու գործընթացը հնարավոր է Եվրամիության աջակցությամբ։

«Ժամանակի, համբերության և Եվրոպայի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, այս պատերազմի սկզբնական սահմանների պահպանումը լիովին հնարավոր է։ Ինչո՞ւ ոչ։ Ռուսաստանը երեքուկես տարի աննպատակ պատերազմ է մղում, պատերազմ, որը իրական ռազմական հզորությամբ հաղթելու համար մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ կպահանջվեր։ Սա Ռուսաստանին չի տարբերակում մյուս երկրներից։ Իրականում, դա նրանց շատ է նմանեցնում «թղթե վագրի»։

Երբ Մոսկվայում և Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում, գյուղերում և շրջաններում ապրող մարդիկ իմանան՝ իրականում ինչ է կատարվում այս պատերազմում, այն փաստը, որ նրանց համար գրեթե անհնար է բենզին ճարել գոյացող երկար հերթերի պատճառով, և այն ամենը, ինչ տեղի է ունենում իրենց պատերազմական տնտեսությունում, որտեղ իրենց գումարի մեծ մասը ծախսվում է Մեծ ոգու տեր Ուկրաինայի դեմ պայքարում, Ուկրաինան կարող է վերադարձնել իր երկիրը իր սկզբնական տեսքով և, ո՞վ գիտի, գուցե նույնիսկ ավելի հեռու գնալ։

Պուտինը և Ռուսաստանը ՄԵԾ տնտեսական դժվարությունների մեջ են, և ժամանակն է, որ Ուկրաինան գործի։ Ամեն դեպքում, ես երկու երկրներին էլ հաջողություն եմ մաղթում։ Մենք կշարունակենք զենք մատակարարել ՆԱՏՕ-ին, որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա նրանց հետ անել այն, ինչ կկամենա։ Հաջողություն բոլորին»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը։