ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնել է BBC News-ը։
Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Թրամփը բացահայտ կերպով հայտարարել է, որ կաջակցի ՆԱՏՕ-ի այն երկրներին, որոնք իրենց օդային տարածքը խախտող ռուսական ինքնաթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր կխոցեն։
Մյուս կողմից, նա չի մանրամասնել՝ ինչ հանգամանքներում ԱՄՆ-ն օգնություն կցուցաբերի այս սցենարում։ Նա նույնքան անորոշ էր, երբ նրան խնդրեցին տրամադրել Պուտինի հետ իր բանակցությունների վերաբերյալ թարմացված տեղեկություններ՝ հայտարարելով, որ աշխարհին կտեղեկացնի «մոտ մեկ ամսից»։
Ինչպես նշել է BBC News-ն, Թրամփի գործունեությանը հեևող շատ վերլուծաբաններ դա որակել են որպես դիտավորյալ կամ «ռազմավարական երկիմաստություն», որի դեպքում նա ցանկանում է թաքցնել իր մտադրությունները մեծամասնությունից, քանի դեռ դրանք իրականացնելու ժամանակը չի եկել։
Սակայն շատ համաշխարհային առաջնորդների, նրանց թվում, ենթադրաբար, Զելենսկու և նրա եվրոպացի դաշնակիցների համար, այս ռազմավարությունը ԱՄՆ ենթադրյալ դերի վերաբերյալ անորոշություն է ստեղծում։
Զելենսկու հետ հանդիպումից բացի, ԱՄՆ նախագահը բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։
Ի տարբերություն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի՝ Թրամփը քաղաքավարի էր և լի էր գովասանքներով այդ առաջնորդների նկատմամբ, և նրա մեկնաբանությունները, ընդհանուր առմամբ, շատ ավելի դրական էին։ Սակայն նա միաժամանակ չի մանրամասնել՝ ե ինչ կանի ԱՄՆ-ն այսօր թե՛ Արգենտինայի տնտեսությունում, թե՛ Ուկրաինայում իր նշած որոշ խնդիրներ լուծելու համար։





























