Սեպտեմբերի 24-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքում մեկնարկեց նոր նախաձեռնություն՝ միտված Մայակովսկի բնակավայրում ոռոգման համակարգի բարելավմանը։ 

«Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Աբովյանի համայնքապետարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը ազդարարեց ծրագրի պաշտոնական մեկնարկը։ 

Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի բնակավայրի ոռոգման ցանցի վերակառուցման նպատակը խմելու ջրի խնայողությունն է՝ ոռոգման համակարգի բարելավման միջոցով: Տարածքի կլիմայական պայմանները նպաստավոր են գյուղատնտեսական արտադրության համար, սակայն բնակավայրի բնակիչների մեծ մասը չունի ոռոգման ջրի հասանելիություն: Կոտայքի ոռոգման ջրանցքը բնակավայրին միացնող խողովակաշարը, ինչպես նաև ներքին բաշխման ցանցը լրջորեն վնասված են՝ տեղի գյուղացիների մեծ մասին զրկելով ոռոգման ջրից:

2.jpg (12.38 MB)

Համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը նշեց, որ առաջնահերթ ուշադրություն է դարձնում համայնքի գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանը և սոցիալ-տնտեսական առաջընթացին. այս նպատակով համայնքային միջոցներով, պետության ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություններով բազմիցս իրագործում են համայնքի ենթակառուցվածքների բարելավմանը և բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ուղղված կապիտալ աշխատանքներ:
Համայնքի ղեկավարի խոսքով գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի խնդիրները առանձնահատուկ ուշադության կենտրոնում են և տարվում են հետևողական աշխատանքներ ոլորտի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ և այսօր մեկնարկած ծրագիրը ջրամատակարարման ոլորտին առնչվող հերթական մեծ նախաձեռնությունն է, որի իրագործմամբ լուծվելու են ջրային ռեսուրսների խնայողության և Մայակովսկի գյուղում բնակիչների կենսապայմանների բարելավմանն ուղղված առաջնահերթ հարցեր:
Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց «Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը և «Շեն» բարեգործական ՀԿ-ին համագործակցության համար, նշելով, որ միասին մեկնարկում են նշանակալից և հանրօգուտ ծրագիր, որի արդյունքում Մայակովսկի գյուղում կվերականգնվի կանոնավոր և հուսալի ջրամատակարարումը և կզարգանա գյուղատնտեսությունը:

3.jpg (11.68 MB)

Իր հերթին, «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական կապերի և կայունության ղեկավար Էլինա Մարկարյանը նշեց՝ «Ծրագիրը մեզ համար հատկանշական է, որովհետև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության՝ կայունության ապահովման գործում ստանձնած հանձնառության հենասյուներից է: Արժևորելով մասնավոր հատվածի դերակատարությունը ջրային ռեսուրսներին վերաբերող մարտահրավերին ճիշտ լուծում գտնելու հարցում՝ այսօր մենք շատ կարևոր ծրագիր ենք մեկնարկում մեր գործընկերների հետ միասին։ Լիահույս եմ, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ Մայակովսի բնակավայրի բնակիչները կվերսկսեն իրենց հողատարածքների մշակումը, և համոզված եմ, որ այս համագործակցության շնորհիվ Մայակովսի բնակավայրում կշարունակվի կենսապայմանների բարելավումը»:

Նախատեսված աշխատանքների արդյունքում ակնկալվում է համայնքում դրական փոփոխություններ։ Մասնավորապես, ծրագրի շնորհիվ ոռոգվող տարածքները կավելանան շուրջ 28 հեկտարով, ինչը հնարավորություն կտա գյուղացիներին ավելի արդյունավետ օգտագործել իրենց հողատարածքները և ստանալ կայուն բերք։ Բացի այդ, մոտ 220 տնային տնտեսություն հուսալի կերպով կապահովվի ոռոգման ջրով, ինչը կթեթևացնի գյուղացիների առօրյա հոգսերը և կնպաստի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ 

Ծրագրի իրականացումը կնպաստի նաև խմելու ջրի խնայողությանը․ տարեկան կանխատեսվում է խնայել շուրջ 105,500 խմ խմելու ջուր, որը նախկինում անարդյունավետորեն ծախսվում էր ոռոգման նպատակով։ 

4.jpg (2.84 MB)

«Շեն» ԲՀԿ վարչության նախագահ Հայկ Մինասյանն ընդգծում է, որ այս նախաձեռնությունը շարունակում է իրենց երկարամյա առաքելությունը՝ աջակցել Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանը։ Սա կարևոր քայլ է համայնքի կայուն զարգացման, ինչպես նաև բնական պաշարների պատասխանատու օգտագործման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ կնվազեն նաև ջրակորուստները՝ մոտ 55 տոկոսով, ինչը կապահովի համակարգի արդյունավետ և երկարաժամկետ շահագործումը։

2027թ. հունվարին նախատեսվում է ծրագրի ավարտական միջոցառումը, որտեղ կներկայացվեն ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները։ Այս համագործակցությունը ցույց է տալիս, որ համատեղ ջանքերով հնարավոր է գտնել արդյունավետ լուծումներ ջրային ռեսուրսների խնայողության, գյուղատնտեսական զարգացման և համայնքային կայունության ամրապնդման համար: